Աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել․ Բժիշկ

Կորոնավիրուսային հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով եւ անկառավարել բարդություններով։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգին ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։
«Հիվանդներն ունեն բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, որոնք առավելագույնս բարդացնում են հիվանդության ընթացքը։ Վերջին ժամանակներս ծանր ու ծայրահեղ հիվանդների աճի միտում նկատվեց, հիվանդանոցն առավել ծանրաբեռնված է աշխատում։
Հիվանդը, պատկերացրեք, ընդունվում է հիվանդանոց այնպիսի ցուցանիշներով, որ բնորոշ չեն առավել ծանր հիվանդին եւ կարճ ժամանակ անց նման կլինիկական ախտանիշներ, ինչպիսին է շնչահեղձությունը, մարդկանց մոտ տագնապի զգացողությունը, օդի պակասը, այդ գերլավածությունը առաջացնում է այնպիսի վիճակ, որ զարգացման ընթացքը հիվանդների մոտ անկառավարելի ընթացքի է բերում։
Բառիս բուն իմաստով աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել։ Այստեղ մեզ օգնության են հասնում շնչառական ապարատները։
Ցավոք, հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով եւ իր բարդությունները այսօր նույնպես անկառավարելի են։ Չենք կարողանում կանխագուշակել հիվանդության ընթացքը եւ այսօր թե ամբողջ աշխարհում, թե մեզ մոտ կիրառվող բուժական մեթոդները դեռ չունեն այն հստակ ապացուցողական բազան, որոնք կարող են հստակ ազդել հիվանդության ելքի վրա»,- ասաց նա։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն այժմ զբաղվում է միայն ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների բուժմամբ, փոխտնօրենի խոսքով՝ պատերազմ է ընթանում, բուժաշխատողները օր ու գիշեր պայքարում են կյանքեր փրկելու համար։ Նա հորդորեց հետեւել պարետատան կանոններին։