31 / Մարտ / 2020 : 18-58

1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքի դերը ԼՂՀ անկախության հռչակման գործընթացում

Ուղիղ 30 տարի առաջ՝ 1990թ.-ի ապրիլի 3-ին, ընդունվեց մի կարևոր իրավական փաստաթուղթ, որն առանցքային նշանակություն ունեցավ ԽՍՀՄ կազմում գտնվող երկրների անկախացման գործում. խոսքը թիվ 1409-1 «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի մասին է, որի ընդունման նպատակի վերաբերյալ առկա է երկու հակադիր մոտեցում. 1. այն ընդունվել է ԽՍՀՄ լուծարման իրավական գործընթացն առանց ցնցումների իրականացնելու համար, 2. օրենքի ընդունումը նպատակ էր հետապնդում անկախանալու ընթացակարգը բարդացնելու միջոցով ձգձգելու ԽՍՀՄ քայքայումը: Ինչպես տեսանք, սակայն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Օրենքի իրավաքաղաքական ենթատեքստն էր կանխել միութենական հանրապետությունների քաղաքական նկրտումներն այն ինքնավար կազմավորումների ժողովուրդների նկատմամբ, որոնք իրենց տարածքներով գտնվում էին միութենական հանրապետությունների սահմաններում:

 

Հենց նշված Օրենքի հիման վրա է իր անկախությունը հռչակել նաև Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը և իրականացրել հետագա ժողովրդավարական գործընթացները:

Այսպես, ԽՍՀՄ 1977թ.-ի Սահմանադրության 72 հոդվածը սահմանում էր, որ «Յուրաքանչյուր միութենական հանրապետություն իրավունք ունի ազատորեն դուրս գալու ԽՍՀՄ կազմից»: Հիմք ընդունելով Սահմանադրության նշված հոդվածը՝ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» օրենքը: Հարկ ենք համարում նշել, որ ԼՂՀ անկախության հռչակման առումով շատ կարևոր է նաև ԽՍՀՄ Սահմանադրության 70-րդ հոդվածը, որում խոսվում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:

ԼՂՀ անկախության հռչակման ու պետականության կերտման փիլիսոփայությունն աչքի է ընկնում մի կարևոր առանձնահատկությամբ, ինչն էլ ամբողջ գործընթացը դարձնում է անխոցելի. անկախության ամբողջ գործընթացն իրականացվել է ԽՍՀՄ Սահմանադրությանն ու օրենսդրությանը խիստ համապատասխան, ինչին կանդրադառնանք ստորև:

Այսպես, ԽՍՀՄ-ում ձեռնարկված «օգոստոսյան պուտչ»-ի ձախողումից հետո՝ 1991թ.-ի օգոստոսի 30-ին, ԱդրԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունել է հռչակագիր «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին», ինչին հաջորդեց 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի հրավիրումը, որի ընթացքում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը: 

Ի թիվս այլ արձանագրումների` Հռչակագրի 4-րդ կետում հղում է կատարվում ԽՍՀՄ օրենսդրությանը. «Հիմնվելով ԽՍՀ Միության գործող Սահմանադրության և օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումներին և համահավաք ապրող ազգային խմբերին իրավունք են տալիս ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը»: Տվյալ պարագայում հղում է կատարվել Օրենքի 3-րդ հոդված առաջին մասին, ըստ որի՝ «Իր կազմի մեջ ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար շրջաններ ունեցող միութենական հանրապետություններում հանրաքվեն յուրաքանչյուր ինքնավարությունում անց է կացվում առանձին: Ինքնավար հանրապետությունների և ինքնավար կազմավորումների ժողովուրդները պահպանում են ԽՍՀ Միությունում կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու մասին հարցի ինքնուրույն լուծման, ինչպես նաև իր պետական-իրավական կարգավիճակի մասին հարց դնելու իրավունքը»: Հիշյալ դրույթը կարելի է համարել Հռչակագրի «կորիզն» այն իմաստով, որ հենց դա է իրավական հիմք հանդիսացել ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով անկախություն ձեռք բերելու և պետություն ստեղծելու համար:

Հետաքրքրականն այն է, որ ադրբեջանական որոշ աղբյուրներում «կասկածի» տակ է դրվում ԼՂՀ-ի պարագայում 1990թ.-ի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքի կիրառման վերաբերելիության հարցը: Սակայն ոչ մի խոսք չկա այն մասին, թե արդյո՞ք ԼՂՀ-ն խախտել է այն միջազգային իրավական ակտերի դրույթները, որոնք ընդունվել են վերոհիշյալ օրենքից ավելի վաղ. խոսքը 1966թ.-ի դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» և «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրերի մասին է, որոնց 1-ին հոդվածում սահմանված է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»:

Նշված օրենքն իր դերակատարությունն է ունեցել ոչ միայն ԼՂՀ հռչակման, այլև հետագա ժողովրդավարական գործընթացների, մասնավորապես` անկախության հանրաքվեի նախապատրաստման ու կազմակերպման ընթացքում:

Այսպես, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների Խորհրդի 1991թ.-ի նոյեմբերի 27-ի 12-րդ նստաշրջանի 12-րդ նիստի որոշման 1-ին կետով որոշում է կայացվել «1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնել հանրաքվե»: Ընդ որում, հանրաքվեի անցկացմանը վերաբերող որոշման մեջ հղում է կատարվել 1990թ.-ի ապրիլի 3-ին ընդունված օրենքի 3-րդ հոդվածին: Ի դեպ, հանրաքվեին միջազգային դիտորդների մասնակցությունը ևս օրենքի 5-րդ հոդվածի պահանջն էր, որի համաձայն որոշում էր կայացվել «Լեռնային Ղարաբաղի տարածք դիտորդներ հրավիրել միութենական հանրապետություններից, արտասահմանյան պետություններից և միջազգային կազմակերպություններից»:

1991թ.-ի դեկտեմբերի 10-ին անցկացված անկախության հանրաքվեն, որի մասնակիցների ճնշող մեծամասնությունը` 99,89%-ը, կողմ է արտահայտվել ԼՂՀ անկախությանը, իրավաբանորեն հաստատեց անկախության հռչակումը և դրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կառուցման հիմքերը:

Այսպիսով, ԼՂԻՄ-ն այն եզակի ինքնավարությունն էր, որը միութենական հանրապետությունների համար նախատեսված ընթացակարգերին համապատասխան և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ձեռք է բերել անկախություն, ինչը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ Սահմանադրությանն ու օրենսդրությանը, մասնավորապես` հիշյալ օրենքին: Օրենքը բոլոր սուբյեկտների և դրանց կազմում գտնվող կազմավորումների համար ստեղծել է հավասար հնարավորություններ, և եթե Ադրբեջանի կամ անկախացած այլ երկրի համար օրինական է օրենքին հետևելն ու անկախանալը, ապա այն համարժեք նշանակություն ու կիրառություն ունի նաև ԼՂՀ-ի համար: Այդ է նաև պատճառը, որ մեր արևելյան հարևանի կողմից ԼՂՀ անկախության իրավաչափության վերաբերյալ հիմնավորված հակափաստարկներ չեն ներկայացվում և չեն կարող ներկայացվել:

 Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության պետականության կերտման ու ժողովրդավարական գործընթացների երեք տասնյամյակների փորձն ու անցած ուղին վկայում են, որ Արցախը կենսունակ ու շարունակաբար զարգացող օրգանիզմ է, և առկա  նախադրյալներն աստիճանաբար կնպաստեն միջազգային ճանաչմանը: Համոզված ենք, որ հիշյալ Օրենքի պահանջներին համապատասխան ԼՂՀ անկախության հռչակումը համայն հայության և արդարության ջատագով ժողովուրդների ջանքերի շնորհիվ մոտ ապագայում կարժանանա միջազգային հանրության դե յուրե ճանաչմանը:

Ավետիք Հարությունյան

«ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն,

իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

Դիտվել է 20823անգամ
Վերջին լուրեր