15 / Հունիս / 2020 : 22-49

Մենք․ ահա այն միասնականություն խորհրդանշող բառը, որով Սարգիս Բաղդասարյանը պատմում էր իր և «Ակունք» համույթի անցած ճանապարհի մասին

Yelaket.am-ի զրուցակից, ազգագրական երգի պարի մեծագույն նվիրյալ և ջատագով Սարգիս Բաղդասարյանը մեր հետ հանդիպման ընթացքում վայրկյան անգամ չառանձնացրեց իրեն «Ակունք» ազգագրական երգի պարի խմբից, չխոսեց իր անհատական անցած ճանապարհի և ձեռքբերումների մասին: Սարգիս Բաղդասարյանը ողջ ընթացքում համեստաբար ներկայացրեց իրեն որպես «Ակունք»-ի անբաժան մասնիկ: Մեծագույն գովասանքներով և անասելի երախտագիտությամբ պատմեց «Ակունքի»-ի հիմնադիր և նախկին ղեկավար Մարո Մուրադյանի մասին:

- Ազգագրագետ Մարո Մուրադյանն այն երախտավորն էր, ում համար անչափ կարևոր էին մեր ազգագրական երգերի ամեն մի բառը, պարերի ամեն մի շարժումը: Մարոն և´ ֆիզիկապես, և´ հոգեպես միաձուլված էր երգ ու պարի հետ: Հիմնադրելով «Ակունք » ազգագրական երգի պարի համույթը՝ Մարոն իր մեծ ավանդն ունեցավ հայ ազգային երգի և պարի պահպանման սուրբ գործում:

Սարգիս Բաղդասարյանը չմոռացավ «Ակունք» համույթի հետ անմիջական կապ ունեցողներից և ոչ մեկին: Անհատապես մատնանշեց համույթի անդամներից յուրաքանչյուրին և բոլորին միասին համարեց մի մեծ ու համերաշխ ընտանիք, որը տասնամյակներ շարունակ հպարտությամբ ներկայացրել է հայ ազգագրական երգն ու պարը աշխարհի ամենատարբեր անկյուններում:

- «Ակունք» -ի ծնունդը նշանավորվեց նրանով, որ հավերժ կորստից փրկվեցին ազգագրական երգի և պարի բազմաթիվ նմուշներ:

Սարգիս Բաղդասարյանը աննկարագրելի երանությամբ հիշեց նաև 1977թ.-ին նկարահանված «Գորանի» վավերագրական ֆիլմի ստեղծումը, կրկին գովեստի խոսքեր հնչեցրեց ստեղծագործական խմբի, ֆիլմում նկարահանված երգիչների և պարողների հասցեին:

- Այդ տարիներին մենք, հանդես գալով «Ակունք»-ում, կամ նկարահանելով «Գորանի» ֆիլմը, ոչ թե հասկանում, այլ ուղղակի ենթագիտակցորեն էինք զգում, թե ինչպիսի մեծ ու արժանի գործ էինք անում:

2007թ.-ին «Ակունք» համույթի կատարած բազմամյա ազգանվեր աշխատանքը գնահատվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և պարգևատրվում մրցանակով որպես «Լավագույն ազգագրական երգի պարի համույթ»:

Իսկ երկու տարի առաջ՝ 2012թ.-ին, գնահատվեց նաև մեր զրուցակցի անհատապես կատարած աշխատանքը և շնորհվեց Մշակույթի վաստակավոր գործչի կոչումը:

- Մենք միայն մեր փառահեղ մշակույթով պետք է զարմացնենք աշխարհի մնացած ժողովուրդներին:

Այսպիսին է հայ մշակույթի մեծագույն նվիրյալ Սարգիս Բաղդասարյանի համոզմունքը և այսպիսին է հենց ինքը՝ Սարգիս Բաղդասարյանը, որը զրույցի ողջ ընթացքում գոնե մեկ անգամ չօգտագործեց Ես բառը:

Մե´նք․ ահա այն միասնականություն խորհրդանշող բառը, որով Սարգիս Բաղդասարյանը պատմում էր իր և «Ակունք» համույթի անցած ճանապարհի մասին։ 

Զրուցեց Անուշ Զոհրաբյանը 

Author's cover photo
Ամսաթիվ 15 / Հունիս / 2020 : 22-49
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 20959անգամ
Վերջին լուրեր