Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունիս / 2020 : 12-46

 

 

Լիտվայից Հայաստան կժամանի 8 բուժաշխատող և 3 փորձագետ․ բժշկական սարքեր ու թեստեր կնվիրաբերեն


Տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանի ու Աուրելիուս Վերիգայի առցանց տեսազրույցը, որին մասնակցել են երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, փորձագետներ: Գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես նաև՝ այս շաբաթ Լիտվայից Հայաստան ժամանող բժշկական թիմի այցի հետ կապված աշխատանքային հարցեր։

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի առողջապահության ոլորտի պատասխանատուին՝ Լիտվայի կողմից Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև մասնագիտական փոխգործակցության համար:

Նախարարը նշել է, որ երկրում ձեռնարկված մեծածավալ միջոցառումների պայմաններում անգամ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդացության աճ։ Այդ իսկ պատճառով դիմում ենք մեր գործընկերների օգնությանը: Նա վստահություն է հայտնել, որ Լիտվայից ժամանող բժշկական թիմի փորձն իր մեծ նպաստը կբերի կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում հաղթահարելու հարցում:

«Այս առաքելությունը մեր երկրների միջև բարեկամության կարևոր արտահայտություն է»,- ասել է Արսեն Թորոսյանը, հավելելով, որ կողմերի միջև նախապես պլանավորված ծրագրերն ու հանդիպումները հետաձգվել են այս իրավիճակով պայմանավորված, սակայն համավարակի ավարտից հետո դրանք կարող են վերսկսվել:

Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան վերահաստատել է այս իրավիճակում հանդիպումները հետաձգելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ ապագայում փոխայցելություն կկատարվի:

Աուրելիուս Վերիգան ներկայացրել է Հայաստան ժամանող բուժաշխատողների կազմը, նրանց փորձառությունը և այն սպասելիքները, որ կարող է ունենալ Հայաստանը: Նախարարը շեշտել է, որ կամավորների թիմն ի սկզբանե զբաղվել է COVID-19-ի բուժմամբ և կարող է նաև կազմակերպչական հարցերով օգտակար լինել:

Ինֆեկցիոն հիվանդությունների գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Նարինա Սարգսյանցը ներկայացրել է մեր երկրում կորոնավիրուսով պայմանավորված վերջին օրերի ցուցանիշները, բուժման մոտեցումները, հոսպիտալացման պայմանները, դեղերի նշանակման գործընթացը, տնային պայմաններում բուժման ընթացակարգը և այլ մանրամասներ: Մասնագետը նշել է, որ այս պահին երկրում գործում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող շուրջ 17 հիվանդանոց` Երևանում և մարզերում:

Աուրելիուս Վերիգան շնորհակալություն է հայտնել տեղեկատվության փոխանակման և փոխադարձ ջանքերի առնչությամբ:

Նշենք, որ Լիտվայից ժամանող մասնագետների թիմը` 8 բուժաշխատող, 3 փորձագետ, Հայաստան կժամանի հունիսի 19-ին: Միաժամանակ,   բժշկական սարքեր և ախտորոշիչ թեստեր կնվիրաբերվեն մեր երկրին:

Դիտվել է 8392անգամ
Վերջին լուրեր