17 / Հունիս / 2020 : 21-05

Ցուկերբերգը հայտարարել է, որ Facebook-ն այժմ օգտատերերին թույլ կտա անջատել քաղաքական գովազդները

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը երեքշաբթի հայտարարել է, որ սոցիալական ցանցը թույլ կտա իր օգտատերերին անջատել քաղաքական գովազդները:

«Բոլորը ցանկանում են, որ քաղաքական գործիչները պատասխանատվություն կրեն իրենց խոսքերի համար, և ես գիտեմ, որ շատ մարդիկ ցանկանում են, որ մենք հեռացնենք նրանց որոշ գրառումներ»,-գրել է Ցուկերբերգը USA Today-ում հրապարակված հոդվածում:

«Նրանց համար, ովքեր արդեն որոշում են կայացրել և պարզապես ցանկանում են, որ ընտրություններն ավարտվեն, մենք լսել ենք ձեր հորդորը, ուստի հնարավորություն ենք տալիս անջատել քաղաքական գովազդները։ Մենք, միևնույն է, ձեզ կհիշեցնենք քվեարկել»,- գրել է նա։

Որոշ օգտատերեր հիշյալ գործառույթից կկարողանան օգտվել այսօրվանից, իսկ բոլոր օգտատերերի համար այն հասանելի կդառնա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, հայտնել է ընկերության ղեկավարը։

Օգտատերերը կարող են անջատել քաղաքական, սոցիալական և ընտրական բովանդակության գովազդները, որոնց վրա նշում կա առ այն, որ գովազդը «վճարված է» ինչ-որ կազմակերպության, քաղաքական գործչի կամ այլ ընկերությունների կողմից։

Ցուկերբերգը նաև հայտարարել է, որ Facebook-ը կշարունակի աշխատել իր հարթակում օտարերկրյա միջամտության դեմ՝ հետևելով և ոչնչացնելով «վնասակար օգտահաշիվները»։

Ընկերությունը միայն 2018 թվականին հեռացրել է 3,3 միլիարդ կեղծ օգտահաշիվ, իսկ անցյալ տարի՝ 5,4 միլիարդ օգտահաշիվ։

Ավելի վաղ Ցուկերբերգը բացատրել էր, թե ինչու իր ընկերությունը քայլեր չի ձեռնարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման նկատմամբ, որում վերջինս սպառնում է Մինեսոտայում «կրակոցներով» հանդարտեցնել ցույցերը։

«Մենք շատ ուշադիր ուսումնասիրել ենք այդ գրառումը, որպեսզի գնահատենք՝ արդյոք այն խախտո՞ւմ է մեր քաղաքականությունը։ Չնայած նրան, որ գրառումը պարունակում էր տագնապի ազդանշան, մենք որոշեցինք թողնել այն, քանի որ երբ հղում է արվում Ազգային գվարդիային, նշանակում է, որ մենք ընթերցում ենք պետությունում սպասվող գործողությունների մասին, և մենք կարծում ենք՝ մարդիկ պետք է տեղեկացված լինեն, երբ կառավարությունը նախատեսում է ուժ կիրառել»,- ասել էր նա։

Դիտվել է 8598անգամ
Վերջին լուրեր