Ընդունված է ասել, որ էկրանը 5կգ գեր է ցույց տալիս. Լիլյա Ավագյան
Ելակետ լրատվականի/Yelaket.am-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում մշակութային և հասարակական գործիչ, հաղորդավարուհի Լիլյա Ավագյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը կնոջ ամենամեծ զենքի,սիրո բնորոշման,ամենանվիրական ու դեռևս չիրագործված երազանքի մասին:
-Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի լավ հաղորդավարուհին:
-Ի՞նչ ասել է հաղորդավարուհի, և արդյոք դա մասնագիտություն է:Ես այն որակում եմ որպես դիրք, պաշտոն, ծառայություն, բայց ոչ մասնագիտություն: Դա պարտավորեցնող աստիճան է, և հաղորդածդ պիտի լինի խորքային ու ճշգրիտ. չէ՞ որ զանգվածային ազդեցություն ունեցող հարթակի հետ գործ ունես, իսկ դա կատակ բան չէ: Անցնենք հատկանիշներին: Հեռուստաէկրանը խոշորացույց է: Ընդունված է ասել, որ էկրանը 5կգ գեր է ցույց տալիս: Դա միայն արտաքինին չի վերաբերում, այլ նաև կրթամակարդակին և ներաշխարհին:Իսկ այս դեպքում 5 կգ չէ, այլ կրկնակի: Զգույշ, էկրանի հետ զգույշ...
-Լավ կրթությունը փոխո՞ւմ է մարդու կենսակերպն ու մտածողությունը:
-Անշուշտ: Մեր կազմավորման ընթացքում հենց կրթությունն է ձևավորում մեր աշխարհընկալումը: Հետագայում կյանքը թրծում է մեզ, բայց տեսակի հիմքում դաստիարակությունն ու կրթությունն են:
-Ո՞րն է կնոջ ամենամեծ զենքը:
-Կին լինելը. ու մնալը...
Արդի ժամանակները շատ են խառնել թացը չորին, բայց չարժե հեռանալ բնությունից:
-Համամիտ եք, որ լիարժեք <<գժություն>> միայն խելացի մարդը կարող է անել:
-Դե, գժությունն էլ որակ ունի: Ես սահմաններից ու կաղապարներից փախչող տեսակ եմ, խեղդվում եմ չափ ու ձևից, բայց կա մի սահման, որ համով խենթ ու խելառությունը վերածվում է տխմարության:
-Առանց հավատի մարդը կույր ճամփո՞րդ է:
-Իհարկե: Հավատ առ Աստված, հավատ առ ինքդ քեզ, հավատ առ այն գաղափարների, որոնք քո կյանքի շարժիչ ուժն են:
-Կորուստները կոտրում են,թե՞ պայքարի մղում:
-Սկզբից կոտրում են, հետո խնամքով հավաքում ես բեկորներն ու սոսնձում իրար: Անցնում է ժամանակ ու տեսանելի է դառնում խճանկարը. դա է պատմությունդ: Կարևորը վերցնես ու դեպի առաջ...
-Ո՞ր դեպքում է պաշտոնը փոխում մարդուն:
-Երբ բախտը խելքից առաջ է ընկնում:
-Սիրո Ձեր բնորոշումը:
-Ներդաշնակություն: Բայց դա մակարդակ է, որին հասնել է պետք:
-Արդյոք երջանկություն կբերի երախտագիտական զգացմունքներից դրդված ամուսնությունը:
-Անհեթեթություն...
Եթե կարելի է սիրել ու սիրվել, իսկ դա կարելի է ցանկացած տարիքում, ապա մնացած բոլոր նկատառումներն ու հաշվարկները միմիայն տառապանքի դուռն են տանում:
-Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:
-Շփվում եմ ինձ համար թանկ ու հարազատ մարդկանց հետ:
-Ո՞րն է երջանիկ լինելու Ձեր չափանիշը:
-Երջանկությունը չունի չափանիշ, ի՞նչ չափ, ինչո՞վ չափես: Պիտի սիրեմ ու սիրվեմ անչափ, անսահման անկեղծանալու հնարավորություն ունենամ, լիաթոք ծիծաղեմ ու ծիծաղեցնեմ: Երջանկությունը անչափության, անկաշկանդության, անհամարության ու անսահմանության մեջ է:
-Ձեր ամենանվիրական և դեռևս չիրագործված երազանքն է....
-Որ ասեմ՝ չի իրականանա ...
Հենց իրականանա, խոստանում եմ, առաջինը Ձեզ կպատմեմ: Բայց ունեմ մեկ այլ երազանք, որ անձնական չէ ու այդ երազանքս արդեն 10-ը տարեկան է: Երբ առաջին անգամ այցելեցի Գերմանիա ու Բեռլինի սրտում տեսա հոլոքոստի փշաքաղեցնող հուշարձանը, մտովի պատկերացրի նմանօրինակը Անկարայի կամ Ստամբուլի սրտում: Տա Աստված ի կատար ածվի, թեկուզ ես չհասցնեմ տեսնել...
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը: