22 / Հունիս / 2020 : 16-37

Ընդունված  է ասել, որ էկրանը  5կգ  գեր  է  ցույց  տալիս. Լիլյա Ավագյան

Ելակետ  լրատվականի/Yelaket.am-ի զրուցակիցն  է ԱՄՆ-ում  մշակութային  և հասարակական գործիչ, հաղորդավարուհի  Լիլյա Ավագյանը, որը  մեզ  հետ  զրույցում  կիսեց  իր  խոհերը  կնոջ ամենամեծ զենքի,սիրո բնորոշման,ամենանվիրական ու դեռևս չիրագործված երազանքի մասին:  

-Ի՞նչ   հատկանիշներով   պետք  է   օժտված   լինի   լավ   հաղորդավարուհին:

-Ի՞նչ ասել է հաղորդավարուհի, և արդյոք դա մասնագիտություն է:Ես   այն   որակում   եմ որպես   դիրք,  պաշտոն,  ծառայություն, բայց ոչ մասնագիտություն: Դա պարտավորեցնող աստիճան   է,  և  հաղորդածդ  պիտի   լինի   խորքային  ու  ճշգրիտ. չէ՞   որ զանգվածային ազդեցություն  ունեցող  հարթակի  հետ  գործ  ունես, իսկ  դա  կատակ բան չէ: Անցնենք հատկանիշներին: Հեռուստաէկրանը  խոշորացույց  է: Ընդունված  է ասել, որ էկրանը  5կգ  գեր  է  ցույց  տալիս: Դա  միայն  արտաքինին  չի վերաբերում, այլ նաև կրթամակարդակին և ներաշխարհին:Իսկ   այս   դեպքում  5  կգ   չէ, այլ  կրկնակի: Զգույշ, էկրանի հետ զգույշ...

-Լավ   կրթությունը  փոխո՞ւմ   է  մարդու  կենսակերպն  ու  մտածողությունը:

-Անշուշտ: Մեր  կազմավորման ընթացքում  հենց կրթությունն  է ձևավորում  մեր աշխարհընկալումը: Հետագայում  կյանքը  թրծում  է մեզ, բայց  տեսակի  հիմքում դաստիարակությունն  ու կրթությունն են:

-Ո՞րն   է  կնոջ   ամենամեծ   զենքը:

-Կին  լինելը.  ու մնալը...

Արդի  ժամանակները  շատ  են  խառնել  թացը  չորին, բայց  չարժե  հեռանալ  բնությունից:

-Համամիտ  եք,  որ   լիարժեք   <<գժություն>>  միայն   խելացի   մարդը   կարող  է  անել:

-Դե, գժությունն  էլ  որակ ունի: Ես  սահմաններից  ու կաղապարներից  փախչող տեսակ  եմ, խեղդվում  եմ  չափ ու ձևից, բայց  կա  մի  սահման, որ  համով  խենթ  ու խելառությունը վերածվում  է  տխմարության:

-Առանց   հավատի   մարդը   կույր  ճամփո՞րդ   է:

-Իհարկե: Հավատ  առ Աստված, հավատ առ  ինքդ  քեզ, հավատ առ այն գաղափարների, որոնք  քո  կյանքի  շարժիչ  ուժն  են:

 

-Կորուստները  կոտրում   են,թե՞  պայքարի  մղում:

-Սկզբից  կոտրում  են, հետո խնամքով  հավաքում  ես  բեկորներն ու սոսնձում  իրար: Անցնում է ժամանակ  ու  տեսանելի  է  դառնում  խճանկարը. դա  է  պատմությունդ: Կարևորը  վերցնես  ու  դեպի  առաջ...

-Ո՞ր   դեպքում  է   պաշտոնը   փոխում  մարդուն:

-Երբ  բախտը  խելքից  առաջ  է  ընկնում:

-Սիրո   Ձեր  բնորոշումը:

-Ներդաշնակություն: Բայց  դա  մակարդակ  է, որին հասնել  է  պետք:

-Արդյոք   երջանկություն   կբերի   երախտագիտական  զգացմունքներից  դրդված ամուսնությունը:

-Անհեթեթություն...

 Եթե կարելի  է  սիրել ու սիրվել, իսկ դա կարելի  է  ցանկացած  տարիքում, ապա մնացած բոլոր  նկատառումներն  ու  հաշվարկները միմիայն տառապանքի   դուռն  են  տանում:

-Ինչո՞վ  եք  զբաղվում  ազատ  ժամանակ:

-Շփվում  եմ  ինձ  համար  թանկ  ու  հարազատ  մարդկանց  հետ:

-Ո՞րն  է  երջանիկ  լինելու   Ձեր  չափանիշը:

-Երջանկությունը  չունի  չափանիշ, ի՞նչ  չափ, ինչո՞վ  չափես:  Պիտի սիրեմ ու սիրվեմ  անչափ, անսահման անկեղծանալու  հնարավորություն  ունենամ, լիաթոք  ծիծաղեմ  ու ծիծաղեցնեմ: Երջանկությունը  անչափության, անկաշկանդության, անհամարության ու անսահմանության մեջ   է:

-Ձեր   ամենանվիրական  և  դեռևս  չիրագործված  երազանքն  է....

-Որ  ասեմ՝  չի  իրականանա ...

 Հենց  իրականանա, խոստանում եմ, առաջինը  Ձեզ  կպատմեմ: Բայց  ունեմ  մեկ այլ երազանք, որ  անձնական  չէ  ու այդ  երազանքս արդեն 10-ը  տարեկան է: Երբ առաջին անգամ  այցելեցի  Գերմանիա  ու Բեռլինի  սրտում  տեսա  հոլոքոստի  փշաքաղեցնող հուշարձանը, մտովի պատկերացրի  նմանօրինակը  Անկարայի կամ Ստամբուլի  սրտում: Տա Աստված  ի  կատար ածվի, թեկուզ ես չհասցնեմ  տեսնել...

 

Նյութը  պատրաստեց  Նարինե  Պետրոսյանը:

Դիտվել է 33245անգամ
Վերջին լուրեր