23 / Հունիս / 2020 : 14-49

«Սիրուն  Սոնա» հեռուստասերիալի դերասանների  խաղից  իմ  սպասումները  հիմնականում  արդարացել են. Անահիտ Մխիթարյան

Ելակետ լրատվականի/Yelaket.am-ի զրուցակիցն  է սցենարիստ, երգերի  խոսքերի  հեղինակ  Անահիտ Մխիթարյանը, որը   կիսեց   մեզ   հետ   իր   խոհերը  կինոյի  մոգական  ուժի, համացանցի առաջատար  դերի, իր  երազանքի  գրականության  և  ամենադժվար  փորձության  մասին:

-Սցենար   գրելը  ի  վերուստ   տրված  շնորհ  է, թե ՞  աշխատասիրություն:

-Ես կարծում եմ՝ ընդհանրապես ոչ մի աշխատանք չես կարող անել,համենայն դեպս չես կարող  լավ անել, եթե  շնորհ  չկա: Բայց  այս ամենի հետ  մեկտեղ, վստահ եմ  ու անհերքելի է այն, որ  ծուլությունը կարող է սպանել անգամ ամենամեծ տաղանդը:Էնպես որ,  աշխատասիրությունը  ամեն  ինչի  հիմքն  է:

-Ի՞նչն   է   Ձեր  ներշնչանքի   աղբյուրը:

-Գիտեք, երբ  աշխատում ես  հեռուստասերիալ ֆորմատի մեջ ու կատարում ես ամենօրյա աշատանք,  ներշնչանքը եթերային բառից վերածվում է շատ շոշափելիի: Այսինքն՝ ներշնչանքդ  հենց քո աշխատանքն է, ու դրա արդյունքը:  Ինձ համար նաև կարևոր ներշնչաքի աղբյուր  է հեռուստադիտողի սերն ու արձագանքը:Բայց պարտադիր չէ, որ միշտ լավ արձագանքներ լինեն, քննադատությունը  հաճախ ավելի լավ աշխատելու ներշնչաք է:

-Ի՞նչի   մասին   է   պատմում   Ձեր  երազանքի   գրականությունը:

-Վերջին շրջանում շատ նորաձև է դարձել կարդալ մոտիվացիոն գրականություն, ես այդպես էլ չսիրեցի այդ ուղղվածությունը:  Ես սիրում եմ կարդալ մարդկային հարաբերությունների մասին: Առաջին գիրքը, որ կարդացել եմ, շատ փոքր տարիքում, Անուշավան Պողոսյանի «Փոթորկից առաջ» գիրքն էր, ու մարդկային հարաբերություններից  ու տեսակներից մինչ օրս  տպավորված  եմ:

-Ինչու՞մն  է  կինոյի   մոգական  ուժը:

-Ես կարող եմ  այս  հարցին որպես հանդիսատես պատասխանել: Ինձ համար ֆիլմի ուժը, քեզ  երկու  ժամով  ֆիլմի  իրականություն  տեղափոխելն  է:

-«Սիրուն  Սոնա» հեռուստասերիալը   մոտենում   է  իր  ավարտին: Ինչպիսի՞ հանգուցալուծում  կունենա  սերիալը, արդյոք   արդարացան   Ձեր   սպասումները դերասանների   խաղից:

-Դերասանների  խաղից  իմ  սպասումները  հիմնականում  արդարացել են: Եթե ես ասեմ, որ հարյուր  տոկոսով ամեն ինչ իդեալական էր, ճիշտ չի լինի: Ես նույն կերպ  կպատասխանեմ, եթե  հարցնեք սցենարից իմ սպասումները արդարացել են, թե՞ չէ: Միշտ կա առաջ գնալու տեղ  ու  էն  պահին, երբ  որ ամեն  ինչ  հարյուր  տոկոսանոց թվա, էլ  առաջ  չես  գնա:

-Համացանցն   այսօր   առաջատար  դեր  ունի: Կգա՞   ժամանակ, երբ   համացանցը  կհաղթի հեռուստատեսությանը:

-Ես  չեմ  կարող միանշանակ պատասխան տալ այս հարցին, գուշակություններով չեմ զբաղվի: « Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի հերոսը վստահ էր,որ շուտով հեռուստատեսությունը  կհաղթի   անգամ թատրոնին, բայց  այդպես  չեղավ ու հուսամ չի լինի:

-Ինչի՞   համար   եք   ամենաշատն  ափսոսում:

-Երբեք  ու  երբեք  չեմ  ափսոսում  արած  բաների  համար:

Հակառակ պատկերն է,երբ մտաբերում եմ այն, ինչը չեմ հասցրել, կամ գուցե չեմ փորձել հասցնել: Միակ բանը ինչի համար արժի ափսոսել, երեկվա չկատարած գործն է , ու անգամ մեկ  ժամ  առաջ  չիրականացրած  ցանկությունդ:

-Սիրո  Ձեր  բանաձևը:

-Հավատ  ու  վստահություն:

-Ի՞նչն   է   ընտանիքի   ամրության  հիմքը:

-Համբերությունը:

-Ամենադժվար  փորձությունը, որը հաղթահարել  եք:

-Ամենադժվար  փորձությունը   առջևում  է, բայց  ես վստահ  եմ, որ  հաղթահարելու  եմ:

-Ի՞նչ   է  սովորեցրել   Ձեզ   կյանքը:

-Կյանքը  սովորեցրել է չհանձնվել  ու պայքարել: Սովորեցրել է, որ մարդիկ երբեք չեն փոխվում:

Բայց  ամենակարևոր  բանը , որ սովորել եմ` սպասելն է:Ամենադժվար  իրավիճակներում, եթե  հասկանում եմ, որ լուծումը  իմ  ձեքերում չէ, խուճապի չեմ մատնվում: Բաց  եմ թողնում իրավիճակը  ու հասկանում  եմ, որ  այն  ունի  ժամանակ  ու  քիչ  մնաց  սպասելուն:

 

Նյութը  պատրաստեց  Նարինե  Պետրոսյանը:

Դիտվել է 94958անգամ
Վերջին լուրեր