23 / Հունիս / 2020 : 20-23

«Իրենց ենթակաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող պաշտոնյաները կարժանանան խիստ արձագանքի». Արցախի նախագահ

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահ Հարությունյանը նշել է, որ ծանոթացել է Մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. գործունեության, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդմանը՝ կարեւորելով Պաշտպանի հաստատության դերը Հանրապետության մի շարք առանցքային ոլորտներում մարդակենտրոն բարեփոխումներ իրականացնելու գործում:

Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաղորդման մեջ ամփոփված որոշ առաջարկներ, ներառյալ՝ պետական վարչարարության, հանրային ծառայության, քրեակատարողական համակարգերի բարեփոխման վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ շուրջ հարյուր առաջարկների մի մասը տեղ կգտնի Հանրապետության նախագահի՝ առաջիկայում հրապարակվելիք ծրագրում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Կառավարության կողմից մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն մշակելու եւ իրագործելու անհրաժեշտությունը:

Հանրապետության նախագահն անդրադարձել է որոշ առաջարկների, պատրաստակամություն է հայտնել կոնկրետ քայլեր ձեռնարկել վերհանված հիմնախնդիրների վերացման ուղղությամբ՝ հատկանշելով կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ու հանրային ծառայողների կարողությունների զարգացման ուղղությունները: Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ պետական բարձրաստիճան այն պաշտոնյաներն, ովքեր ոչ իրավաչափ կամ անհարգալից վերաբերմունք կդրսեւորեն քաղաքացիների եւ իրենց ենթակաների նկատմամբ, կարժանանան համապատասխան խիստ արձագանքի:

Դիտվել է 7552անգամ
Վերջին լուրեր