25 / Հունիս / 2020 : 16-52

Շքեղ կուրծքը, ինչ խոսք, գերող է, բայց այդ գերողը դառնում է հաճելի, երբ «լցոնած» չէ. Դավիթ Մշեցի

Ելակետ   լրատվականի/Yelaket.am-ի  զրուցակիցն  է  գրող Դավիթ Մշեցին,որը  մեզ  հետ  կիսեց իր խոհերը  կյանքը սիրելու, ընթերցողին գունազարդ շապիկով գերելու, սիրո բանաստեղծական  բնորոշման  և  <<Արթնացում>>   գրքի  հիմնական  ասելիքի մասին:

 

-Ո՞րն   է  բանաստեղծին   ճիշտ   ընկալելու   առաջին   պայմանը:

-Կանտն  ասում էր ,որ  ցանկացած  ընթերցողի  համար  ստեղծագործության  մեջ  գրված  է  այն, ինչը  նա  հասկանում  է, հետևապես, եթե ստեղծագործողը իրապես ստեղծագործող է, ասել կուզի՝ ինտելեկտուալ թանձր շերտերով հարուստ, ապա նրան ընկալելու առաջին պայմանը ընթերցողի կողմից, առնվազն կիսով չափ այդ ինտելեկտուալ բազայով զինված լինելն է։

Իսկ առհասարակ, կարծում եմ, որ  բանաստեղծի լրիվ ընկալումը մասամբ արժեզրկում է նրան։

-Արդյոք   պե՞տք   է  ընթերցողին  գերել  գրքի  գունազարդ  շապիկով:

-Շքեղ կուրծքը, ինչ խոսք, գերող է, բայց այդ գերողը դառնում է հաճելի, երբ «լցոնած» չէ: ժամանակակից  աշխարհում  ընթերցողին  ավելի  շատ  գերում  են  շքեղ դիզայնով, քան գրքի բովանդակությամբ։ Ես կողմ եմ նախ բովանդակությանը, թեկուզ և ամենավատ դիզայնով։

-Ի՞նչն   է  «Արթնացում»  գրքի  հիմնական  ասելիքը:

-Ես միշտ կողմ եմ նորարարությանը։ Տեսեք, եթե հիմա մի ճարտարապետ գա ու հազար հատ Թամանյան նախագծի շենք կառուցի, նա ոչինչ չի անի, քան կրկնելը, ինչքան էլ որ անթերիության մեջ փայլի, ուստի ես միշտ փնտրում եմ բանաստեղծական նոր ձևեր ու լցնում  եմ այն բացերը, որը նկատում եմ մեր պոեզիայում։ Այդ բացերից ամենացցունը, ըստ իս, ինտելեկտուալ-իմացական պոեզիան է, որն էլ փորձում եմ լցնել իմ գրքերով։ «Արթնացում» և առհասարակ բոլոր 8 գրքերիս հիմնական ասելիքը մղումն է դեպի արվեստաճանաչողության աշխարհը՝ փորձելով  հասկանալ գրքի  մեսիջները, ընթերցողը ակամայից  պիտի  հաղորդակցվի (թող պաթետիկ չհնչի ասածս) համաշխարհային մշակույթի  ընտրագույն  նմուշներին ու հենց էդ տիրույթում փորձի արժևորել ազգային մշակույթը։

-Լավ   գրելու   համար   շատ  կարդալը  պարտադի՞ր  պայման   է:

-Ես կասեի շատ կարդալը գլխավորն է, որովհետև չկա, չի եղել ու չի լինի որևէ դարաշրջան, որի ստեղծագործողը, առանց մինչև իրեն եղած գրականությանը փայլուն ծանոթ լինելով, որևէ արժեքավոր ու մնայուն բան ստեղծի։

-Դասական   գործերի  հիման վրա   նկարահանված   հեռուստասերիալները   մղու՞մ   են մարդկանց  դեպի   ընթերցանության:

-Կարծում եմ, որ ոչ, որովհետև որպես կանոն լավ սցենարի վրա լավ ֆիլմեր չեն նկարահանվում, առավել ևս հեռուտասերիալներ, ինչպես որ լավ բանաստեղծության վրա լավ երաժշտություններ  չեն  գրվում (արտառոց բացառությունները չհաշված)։

Ուստի, առանց էն  էլ  վատ  հեռուստասերիալ դիտողը  դժվար  թե  ցանկանա ստեղծագործությունը  կարդա, կամ  որ վատթարն է, դժվար թե հեռուստասերիալ դիտողը (մանավանդ  մեր  հեռուստասերիալները)առհասարակ  գիրք  կարդա։

 

-Ըստ  Էռնեստ  Հեմինգուեյի՝ արձակը  ճարտարապետություն  է: Ըստ  Ձեզ՝ ի՞նչի  է  նման չափածոն:

-Կորտասարը թերևս լավագույնն է պատասխանել այդ հարցին։ Լինելով մեծ  մասամբ արձակագիր և ընդունելով արձակի ողջ շքեղությունը, նա, այնուամենայնիվ, խոստովանում է, որ բոլոր արվեստներից միայն պոեզիան է, որի մեջ Աստվածայինը կա։

Ըստ իս՝ չափածոն  նույն այդ  ճարտարապետության  խտացված  տարբերակն  է՝ համեմված տիեզերքի  անվերակերտելի  ձևերով։

-Սիրո   Ձեր  բանաստեղծական  բնորոշումը:

-Սերը ինձ  համար  նախ  մշտակա կարոտ է, ուստի

իսկ  իմ  կարոտը

մամռած քարերի հավատամքն  է տաք

լեռնային գետին

ու ...

ծառից  ընկնող  տերևի  ճիչը...

-Ի՞նչ    է  ակնկալում   տղամարդը  կնոջից:

-Սիրտ։

-Իսկ  կի՞նը  տղամարդուց:

-Խելք՝ ըստ  Նիցշեի:

-Ի՞նչն   է  լավագույն  ուսուցիչը  կյանքում:

-Հանք, որին  հնարավորինս  շատ  պիտի  <<կողոպտել>>։

-«Ես  քեզ  կպատմեմ»   բանաստեղծության  մեջ   ի՞նչ   անավարտ   Երազի   մասին  եք պատմելու:

-Աչալուրջ  ընթերցողը  անմիջապես կնկատի, որ այդ գործի մեսիջը՝ Երազը որպես իրական կյանք դիտարկելն է, հետևապես էստեղ խոստումը իրական կյանքը պատմելու մասին է, այն է ՝Ավարտուն երազը, քանի որ երբ Կիսաձայնությունը (մեր սրինգից բխած էլեգիան՝ Սապֆո, Ալկիլոս և այլք) տեղ  է  հասնում, այն դադարում  է Լռության  Խոսք  լինելուց։

-Սիրել  կյանքը, նշանակում  է...

-Սիրել նախ քեզ, ապա այն հող-հայրենին, որ ծնել է քեզ ու չզլանալ տալ այդ հող-հայրենուն այն, ինչը վերցրել ես նրանից, այսինքն՝ կյանքդ, եթե հարկ լինի...

 

Նյութը   պատրաստեց   Նարինե   Պետրոսյանը:

Դիտվել է 86223անգամ
Վերջին լուրեր