29 / Հունիս / 2020 : 14-55

Ինձ համար բարոյականությունը մարդու ամենակարևոր առաքինություններից մեկն է․ Սոֆյա Հովսեփյան

Ելակետ  լրատվականի/Yelaket.am-ի  զրուցակիցն  է  Ազգային   ժողովի  «Իմ քայլը»  խմբակցության  պատգամավոր  Սոֆյա  Հովսեփյանը,որը  մեզ  հետ  կիսեց  իր  խոհերը  խելացի  և  ճիշտ  քաղաքականություն  վարելու, առաջին  սիրո, առաքինության  և  երջանկության  մասին:

-Քաղաքականությունը  գիտություն  է, արվեստ, թե՞...

-Քաղաքականությունը և արվեստ է, և՛ գիտություն , և  մի շարք այլ տարրեր է պարունակում իր մեջ և տարանջատել չես կարող,որովհետև այստեղ և՛ ստեղծագործ, և՛գիտական, և՛գիտակցված ,և՛ բազմակողմանիորեն պետք է մոտենաս:Այն որքան ձգող և հետաքրքիր է,այնքան էլ բազմաշերտ է ,խորքային է և իր մեջ բավականին լուրջ ռիսկեր պարունակող երևույթ է:

-Ի՞նչ  հատկանիշներով  պետք  է  օժտված  լինի  քաղաքական  գործիչը:

- Քաղաքական գործիչը պետք է լինի նախ աշխատասեր,բազմակողմանի զարգացած վերլուծող,ինքնաքննադատ,քննադատական մտածողություն ունեցող:Շատ կարևոր հանգամանք է, որ քաղաքական գործիչը հավասարակշռված լինի, պետք է ազնիվ լինի և չպետք է ընդառաջ գնա կեղծիքներին:Այսինքն՝կարողանա բնակչության «հասարակության շահ» ասվածը գերադասել,գերակայել և ոչ թե ինչ-որ նեղ օղակների ծառայեցնել,պետք է ունենա  ազնվություն, որ այդ ամենը ուղղակիորեն ճիշտ,հաշվարկային,գրագետ կատարի:

-Խելացի ու ճիշտ քաղաքականություն վարելու համար մարդկանց ճանաչելը բավակա՞ն է:

-Իհարկե բավական չէ,խելացի քաղաքականություն վարելու համար նախ պետք է լինել կրթված,երկրորդ՝բավական լուրջ պոտենցիալ ունեցող,կառավարման հմտություններին տիրապետող,հեռատես,և միևնույն ժամանակ մի շարք հետաքրքիր որակներ,որոնք հնարավորություն կտան գործելու:

-Ով չի կարողանում կառավարել, նա  միշտ  դառնու՞մ  է  բռնակալ:

 -Սխալ է դոգմատիկ մոտենալ հարցին.«Եթե չես կարող,ապա կլինես այսպիսին»:Արդյունքը կարող է լինել տարբեր:Եթե չես կարող կառավարել,նախ կլինես ձախողակ:Այս դեպքում «ձեռքբերումը» լինում է հենց ձախողումը:Այստեղ ինքնագնահատականն է իջնում,կորցնելու վտանգ կա և մի շարք այլ բաներ:Իհարկե,կառավարումը միշտ չէ, որ կապված է լինում միայն խելքի հետ,այլ նաև կապված է լինում կառավարման հմտությունների հետ:Եթե խելացի և բարեխիղճ անձ է և զգում է,որ լիդերության որոշակի նորմեր,տարրեր պակասում է իր մոտ, ուղղակի շատ հեշտությամբ կթողնի այդ ամենը,եթե ոչ,ապա կարող է և վերածվել նաև բռնարարի: Այդ ագրեսիվությունը ոչ թե դոգմատիզմով է պարուրված,այլ իրադրային է,թե ինչպիսին  է  իրադրությունը,ինչպիսի  ռիսկեր կան այդ իրադրության մեջ, և՛ նոր կարող է լինել կամ ագրեսիվ, կամ հավասարակշռված,կամ կառուցողական:

 

-Փառքի  ձգտումը  մարդու  մեջ  սպանու՞մ  է  մարդկայինը:

-Չեմ կարող ամբողջական գնահատել:Ես կարծում եմ,որ մարդը պետք է գործի,աշխատի,եթե ունենում է հաջողություններ,ապա միմիայն գործելու,ձեռքբերելու արարելու արդյունքում ճանաչվի և առաջ գա:Եթե մարդու նպատակը պարզապես ճանաչում ունենալն է,ապա այստեղ կարող են կիրառվել մեթոդներ,որոնք անընդունելի են և համամարդկային արժեքների մեջ չեն մտնում,ապա և կարող է լինել վտանգավոր:Այնուամենայնիվ,եթե խելամիտ և գործող տեսակ է,իր խնդիրը ոչ թե փառքն է,այլ խնդիրների լուծումը:Իսկ այն մարդիկ,ովքեր իրենց կարողությունները  չեն զարգացրել,նրանցից շատերը երազում են հենց փառքի մասին,ինչը մեծ հաշվով այդպես է լինում,բայց չեմ ուզենա նորից գնահատեմ և դոգմատիկ  մոտենամ հարցին:

-Ի՞նչն  է  բոլոր  առաքինություններից  ամենագլխավորը:

- Ինձ համար բարոյականությունը մարդու ամենակարևոր առաքինություններից մեկն է:Ազնվությունը,նվիրվածությունը,ամբիցիան,բայց երբ այդ ամիբիցիան չի պտտվում սեփական առանցքի շուրջ,այլ պտտվում է համընդհանուր արժեքների շուրջ և ստեղծում է համընդհանուր արժեքներ,պայքարում է այդ արժեքների համար և այստեղ նոր ձևավորվում է իրապես ինձ համար առաքինի մարդու տեսակը:

-Առաջին  սերը  երբեք  չի՞  փոխարինվում:

 -Շատ կարևոր է հարցադրումը «առաջին սեր» ասվածի առումով,որովհետև շատ հաճախ,երբ առաջին անգամ սիրահարվում են,մարդկանց թվում է,թե դա իրենց առաջին սերն է:Բայց չպետք է խառնենք սիրահարվածությունը սիրո հետ,որովհետև ինչ-որ մի օր,երբ իրականում սիրում են,նոր հասկանում են,որ մինչ այդ հրապուրանք է եղել,սիրահարվածություն է եղել, և որպես այդպիսին սեր ասվածը ավելի ուշ է գիտակցվում:Եվ իրականում ոչ թե հեշտ է փոխարինելը,այլ դժվար է պահելը: Ձեռքբերածը կորցնելն ավելի հեշտ է , քան պահելն ու խնամելը : Հաճախ ենք անփույթ վարվում ունեցածի հետ :Շատ կարևոր է,որ իրապես սիրեն և գտնեն իրենց համար այն կարևոր էակին,որին իրապես կսիրեն և էական չէ,դրանք թվագրում են,համարակալում են,էական է,որ մարդն այդ զգացումն ունենա:Եվ եթե գտնում է միանգամից,ապա հենց այն երջանիկն է,որ միանգամից հանդիպեց,սիրեց իր ողջ էությամբ, ապրեց այդ մարդով և փոխադարձ ապրեցրեց:

-Չափազանց  սիրելու  դեպքում  չե՞ն   սիրվում:

 -Սերը չունի չափ , այն չափելի չէ : Պետք է սիրես՝ անմնացորդ սիրես,սիրվես՝ անմնացորդ սիրվես և պետք չէ դրանք բերել ինչ-որ սահմանափակումների՝ շատ սիրել,չափազանց սիրել,քանի որ դրանք սուբյեկտիվ կատեգորիաներ են և «չափազանց» ասվածը 2 տարբեր մարդիկ երբեք նույն կերպ չեն չափում և չեն ընկալում:Դրա համար սիրելու ժամանակ ոչ թե պետք է մտածես,որքան սիրեցի,ի՞նչ սիրեցի,ինչպե՞ս սիրեցի,այլ պարզապես պետք է սիրես,սիրես՝ սիրով,սիրես՝ նվիրումով  և առանց ափսոսալու:

-Ի՞նչն  է  մեծագույն  բարիքը:

-Մեծագույն բարիքը ինձ համար մարդու ինքնաբավ լինելն է,հավասարակշռված ու ինքն իր հետ ներդաշնակ լինելը,մարդու՝որպես անձ կայացած, ձևավորված լինելը, որովհետև երբ մարդն ունենում է թվարկվածները ՝ իր շուրջը միայն բարիք է տարածում,արարում է, ստեղծում  և  այդ  ստեղծագործության պտուղները քաղելով և՛ինքն է գոհանում և՛ միջավայրն է դրանից գոհանում:Բարիքը  հենց այն  է ,երբ կարողանում ես ցանել,աճեցնել,մշակել, թեկուզ և ընդհանուրի համար,բայց չես ափսոսում,երբ կարողանում ես ճիշտ սերմը ճիշտ տեղում,ճիշտ հողում տեղադրես,աճեցնես ճիշտ կերպով և այդ բերքից օգտվեն բոլորը.սա իրապես բարիք է:Եվ դրանից միգուցե դու շահում ես այն հաճույքը,երբ կարող ես սերմը տեղադրել,աճեցնել և տարածել.դա իրապես կարևոր հաջողություն է և մեծագույն բարիքը,թե՛ քեզ համար,թե՛ մարդկության համար:

-Ի՞նչն  է  այսօր  Ձեզ  երջանկություն  պարգևում:

 -Ինձ երջանկություն պարգևում է այն միջավայրը,որը ես ինձ համար ստեղծել եմ,իհարկե այն միկրո միջավայրը,որը ես ինձ համար ստեղծել եմ,որտեղ ես ապրում եմ իմ արժեքներով,իմ արժեքները կիսում են մարդիկ:Երբեմն մենք պահանջկոտ ենք մոտենում, և թվում է,թե մարդու երջանկությունը միայն ընտանիքի և իր երկրորդ կեսին գտնելու մեջ է:Բայց երջանկությունը նաև այն է,երբ դու ինքդ քո տեսակի հետ հաշտ ես և խղճիդ հետ զրույցի նստելով՝ անհարմար չես զգում: Կարծում եմ, որ ես երջանիկ մարդ եմ: Այս պահին երջանկություն ես գտել եմ և գտնում եմ, որ այն,ինչ պետք  է  ինձ  հենց  հիմա երջանիկ լինելու համար,ես ունեմ:Իհարկե, չեմ խնայի, որ ավելի երջանիկ լինեմ, բազմապատկվի,բայց այս պահին ինչ ունեմ, ես գոհ եմ և կարծում եմ,որ ինձ միշտ երջանիկ եմ համարել այն առումով,որ միշտ գտել եմ ինչ-որ բան,որը համարել եմ իմ երջանկությունը և ուրախացել եմ դրանից: Միգուցե շատ պահանջկոտ չեմ եղել,թող որ այդպես լինի,բայց եղել եմ այդ փոքրով շատերի համար համարվող «քչով», ինձ երջանկություն պարգևող այդ «փոքրով» երջանիկ: Հաճախ երջանկությունը մանրուքների մեջ է և իրականում մենք չենք նկատում՝համարելով դրանք «մանրուքներ»:Ճիշտ  կլինի հենց այդ մանրուքների  միջից  գտնել երջանկությունը և ապրել, ոչ թե անընդհատ փնտրել:Երբ չես գնահատում ներկա եղածը, և փնտրում ես անընդհատ,այդպես էլ չես գտնում,որովհետև չես նստել և քեզ հարց չես տվել, թե «ո՞րն է քեզ համար երջանկությունը»: Շատ հաճախ երջանկությունը ինչ-որ աներևույթ բանի հետ են համեմատում կամ պատրանքներ են ստեղծում,որ այս կլինի երջանկություն:Երբ դրան հասնում են, հասկանում են, որ իրենք  էլի  ձգտում են երջանիկ լինելուն,որովհետև ինքնաբավ չեն և նորից են փնտրում:Եվ այդպես  էլ ամբողջ կյանքում փնտրելով չեն գտնում,մինչդեռ ամեն պահի կա երջանկություն և ամեն օրվա երջանկությունը այդ օրվա մեջ է:Պետք է պարզապես գտնել այդ երջանկությունը,գտնել այդ հարցի պատասխանը և  ամեն օրդ երջանիկ դարձնես.սրանից էլ կարող ենք հետևություն անել,որ երջանկությունը հենց քո ներսում  է  և  պարզապես պետք  է  ճիշտ  տեղում  դուռը  բացես,մտնես  և  ապրես:

 

Նյութը  պատրաստեց  Նարինե  Պետրոսյանը:

Դիտվել է 46681անգամ
Վերջին լուրեր