30 / Հունիս / 2020 : 15-49

«Աշխատում եմ ապրել այնպես,որ իմ կողքի ապրողին նեղություն չտամ». Հայկ Կբեյան

Ելակետ  լրատվականի/Yelaket.am-ի  զրուցակիցն  է  ռեժիսոր Հայկ Կբեյանը, որը  մեզ  հետ զրույցում կիսեց  իր  խոհերը  «Վերջին  ուսուցիչը»  հեռուստասերիալի,ամենահաջողված կերպարի,սիրելի   ֆիլմերի  և  նվիրական  երազանքի մասին:

- Ըստ  Ձեզ՝  ինչու՞  այդքան   սիրվեց  «Վերջին  ուսուցիչը»  հեռուստասերիալը:

 -Ընդհանրապես ֆիլմի, կամ էս դեպքում քիչ մասերից բաղկացած հեռուստաֆիլմի հաջողությունը, սիրված դառնալը դա մի քանի, շղթայական, իրար հաջորդող արդյունքների արդյունք է։ Արժեքավոր գրական հիմք, ճիշտ կատարված սցենարական աշխատանք, դերասանական անկեղծ կատարում, պրոֆեսիոնալ ստեղծագործական թիմ, որտեղ կա համապատասխան մթնոլորտ ֆիլմի ստեղծման ընթացքում և այլ նախադրյալներ, որպեսզի ֆիլմը հաջողվի։ Սակայն շրջանցելով բոլոր պատճառները՝ ես ուզում եմ առանձնացնել իմ կարծիքով ամենակարևորը՝ գրական ստեղծագործությունը, նրանից առաջ եկող անկեղծությունը և նրանում հնչեցվող հոգևոր արժեքները։ Այս սերիալի հաջողությունը ապացուցեց, որ հայ հանդիսատեսը ունի հոգևոր արժեքների հանդեպ մեծ հետաքրքրություն, որը տվել է մեզ հայ դասականը։ Ինչի համար եմ ասում ապացուցեց, քանի որ երկար տարիներ կարծիք կար, որ սերիալը  միայն օճառային մելոդրամաներն են, սրանք ուղղակի ժամանակ սպանելու համար էին և հիմնված պրիմիտիվ հույզերով և ասելիքներով։ Եվ համապատասխանաբար հեռուստատեսությունների կողմից նման պրիմիտիվ բովանդակությամբ պատվերներ էին լինում։ Սակայն ուզում եմ նշել, որ այս պրոցեսը միայն տեղային չէր և սերիալային փոփոխություններն արդեն բավական ժամանակ առաջ սկսվեց կատարվել համաշխարհային ֆիլմարտադրության մեջ, և,ի ուրախություն մեզ,հասավ Հայաստան և նման աշխատանքները առաջին փորձերն են։ Շատ ցանկալի կլիներ, որ մենք սկսեինք անդրադառնալ հայ ժամանակակից գրողների ստեղծագործությսւններին, քանի որ դա շատ հետաքրքիր և բովանդակալից համագործակցությսւն կարող է դառնալ։

-Ու՞մ մարմնավորած կերպարն է հեռուստասերիալում ամենահաջողվածը:

- «Վերջին ուսուցիչը»  ունի ինքնատիպ կառուցվածք, որը էլի գալիս է հենց վիպակից։ Կարելի է ասել գլխավոր հերոսը մեկն է, ով ամբողջովին բացում է իր ներաշխարհը հանդիսատեսի համար։ Կարծում եմ՝ սերիալում ներգրավված դերասանների մեծ մասին հաջողվեց կերպարները լիարժեք ներկայացնել, նաև պետք է հաշվի առնել, որ բավականին շատ երիտասարդ դերասաններ կային, որոնց առաջին մեծ աշխատանքն էր։ Իհարկե, Խորեն Լևոնյանը գտավ իր մեջ Մամյանին:Ես՝ որպես ռեժիսոր, փորձում եմ դերասանական պատկերը ընդհանուր պլանով դիտարկել։ Դերասանները իրար լրացնում են, դառնում միմյանց համահունչ, կամ ընդհակառակը, ինչպես որ սցենարն է պահանջում, այսինքն՝ կառուցվում  է դերասանական անսամբլ, որը որ ես դիտարկում եմ որպես արդյունք։

 -Ի՞նչ նախադրյալներ են անհրաժեշտ , որպեսզի  լավ  ֆիլմեր  ստեղծվեն:

-Նախադրյալները շատ տարբեր են, իրարից բավականին տարբերվող, որովհետև եթե ես հիմա ասեմ լավ սցենար, հարց կառաջանա,իսկ գումա՞ր,հիմա շատ են ասում ,որ պետք է գումար հատկացնել ֆիլմին,բայց հարց է առաջանում,լավ,գումարը հատկացրին,բայց մտահղացու՞մը:Դրա համար նախադրյալները շատ տարբեր են և պետք է իրար համընկնեն, որպեսզի լավ ֆիլմարտադրություն ունենանք: Սցենարագրությունն էլ շատ կարևոր է,որովհետև սցենար գրելը բացարձակ ուրիշ մասնագիտություն է,կարծես ճարտարապետություն լինի,կարծում եմ,մենք պետք է դրա վրա շատ ռեսուրսներ ներդնենք,որպեսզի սցենարագրությունը՝սցենար գրելը, զարգացնենք մեզ մոտ: Բայց քանի որ ֆիլմը տարբեր մասնագիտությունների սինթեզ է,պետք է բոլոր մասնագետները իրենց գործը լավ անեն,իրար լրացնեն,որպեսզի ֆիլմի վերջնական արդյունքը հաջողված լինի,դրա համար պետք է բոլոր ուղղությունները զարգացնել:Օրինակ՝մենք ժամանակակից գրականության հետ պետք է շատ սերտ կապ ունենանք կինեմատոգրաֆիստներով,որովհետև ֆիլմը պետք է ստեղծվի ժամանակի մեջ, ժամանակի մասին ու դրանով արժևորվի:

-Ձեր  ամենասիրելի  ֆիլմերը:

 -Դա փուլային է:Ուսանողական տարիներին շատ տարված էի դասական ֆիլմերով՝ Տարկովսկի էի  շատ սիրում,գրադարանի ժուռնալներից հատ-հատ հանել էի հոդվածներն իր մասին,գրքեր էի սարքել,շատ տարված էի,Բերգման էի սիրում,բայց տարիների ընթացքում մասնագիտությունից ելնելով շատ եմ նայում,շատ-շատ:Նայելուց ունեմ հավաքածու,այդ օրվա ընտրություն եմ անում՝ի՞նչ եմ ուզում այդ օրը նայեմ:Շատ կարևոր է ռիթմը,թե ի՞նչ ռիթմով ես այդ շրջանում ապրում ու փորձում եմ ռիթմը հարմարեցնեմ նայելուն,որ կարողանամ նայեմ:Որովհետև երբ ռիթմերը չեն համապատասխանում,ափսոս է,որ այդ կինոն նայեմ,ավելի լավ է նայեմ այն ժամանակ, երբ կկարողանամ հասկանալ,ընկալել ու գնահատել:

 -Ո՞րն  է  ապրելու  Ձեր  հեքիաթը:

 -Աշխատում եմ ապրել այնպես,որ իմ կողքի ապրողին նեղություն չտամ: Ինձ թվում է՝ շատ կարևոր է համակեցության հենց չգրված կանոնները պահպանել: Համենայն դեպս ինձ այդպես են դաստիարակել:

 -Արդարացա՞ն  Ձեր  սպասումները  «Քաոս»  հեռուստասերիալից:

 -«Քաոս» հեռուստասերիալը, ճիշտ ասած առաջինն էր, որ այդքան հայտնի հեղինակի մոտիվներով էկրանավորում էր:Արդարացան այնքանով,որ շատ հանդիսատես նայեց, արձագանքները շատ էին, լավ, գուցե քննադատական,բայց միևնույնն է,այդ շարքը կարևոր է,որովհետև մենք շատ հեղինակներ ունենք, ում կարելի է անդրադառնալ և դա մի քայլ ավել է եղածից,այն ժամանակվա եղածից:Ես իմ մի աշխատանքն անելուց հետո երկրորդին անցնելիս անպայման պետք է տեսնեմ դրա պոտենցիալը:Այսինքն՝ մի աշխատանք անելուց հետո տեսնեմ,որ ավելին, կամ այլ կերպ եմ արել: Փորձում եմ քայլել առաջ իմ աշխատանքով: «Քաոս»-ը ինձ նման հնարավորություն տվեց:

-Կարո՞ղ  է  կինոն  թեթևացնել  միայնության  զգացումը:

 -Բնականաբար, լավ, համապատասխան ֆիլմը կարող է մեղմել միայնության զգացումը և ոչ միայն այդ, կինոն շատ բան կարող է անել: Կինոն հույզերի արվեստ է:Մարդիկ ուզում են հույզեր ապրեն,տխրեն, լացեն, ծիծաղեն, ուրախանան, վերապրեն հերոսների հետ,դրանով անձը բացասականից լիցքաթափվում է և վերարժեքավորված լիցքավորվում,իսկ կինոյի առաջնային նպատակներից մեկը հենց դա է:

-Ի՞նչն  է սպառում  ռեժիսորին:

-Եթե ռեժիսորը ունի ինչ-որ սցենար,մտահղացում՝տարիներով իր մեջ եփված,կամ գուցե համահեղինակ է և տարիներ շարունակ չի կարողանում նկարահանել,դա ամենամեծ սպառումն  է  ռեժիսորի:

-Ո՞րն է աշխարհի լավագույն կինոսրահը:

-Կինո  նայելու  լավագույն տեղը հենց  կինոսրահն է,լավ  կինոսրահը,դա շատ կարևոր է,որպեսզի լավ կինոն նայես լավ կինոսրահում,մեծությունը,ձայնը,տրադիցիան,ամեն ինչը շատ  կարևոր  է:

 -Ձեր ամենանվիրական երազանքը:

 -Որպես մասնագիտությամբ  ռեժիսոր ՝իմ նվիրական երազանքը այն ֆիլմը նկարահանելն է,որը  իմ մեջ եփվում է: Ինչ-որ պատառիկներ անընդհատ փոխվում են, գրում եմ, ջնջում, բայց իմ զգացած,իմ ներսում տեսած ֆիլմը նկարահանելն  է իմ երազանքը,որն ինձ առաջ է տանում, ու մտածում  եմ, որ վաղ թե ուշ ես կնկարահանեմ:

Նյութը  պատրաստեց  Նարինե  Պետրոսյանը:

Դիտվել է 46903անգամ
Վերջին լուրեր