02 / Ապրիլ / 2020 : 22-40

Նախագահ Սարգսյանը զրուցել է Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների, հայ և օտարազգի մասնագետների ու գիտնականների հետ։ Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ:

Նախագահ Սարգսյանը և դոկտոր Էսրաիլյանն անդրադարձել են նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրներին և Հայաստանում դրա դեմ պայքարի հարցում համագործակցության հնարավորություններին: Նախագահը կարևորել է ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում ջանքերի համատեղումը, փորձի փոխանակումն ու փոխօգնությունը: Այս համատեքստում խոսվել է նաև, թե ինչպես կարող են առավել արդյունավետ օգտագործվել բարեգործական ծրագրերի հնարավորությունները Հայաստանում և Սփյուռքում:

Էրիկ Էսրաիլյանը տեղեկացրել է, որ այս տարվա մարտից Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի The Promise Armenian Institute-ի նոր նախագծերից մեկով, որի ղեկավարը պրոֆեսոր Ալինա Դորյանն է, կորոնավիրուսի վարակի բռնկման կանխարգելմանն ուղղված համագործակցություն է սկսվել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի և ՀՀ առողջապահության նախարարության միջև: Պրոֆեսոր Դորյանի թիմում ներգրավված են փորձագետներ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից և այլ հեղինակավոր հաստատություններից, ովքեր, շնորհիվ The Promise Armenian Institute-ի ջանքերի, աջակցում են Հայաստանին՝ հանրային առողջապահության ռազմավարության մշակման գործում:

Այս մասին Yelaket.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Author's cover photo
Ամսաթիվ 02 / Ապրիլ / 2020 : 22-40
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 6734անգամ
Վերջին լուրեր