05 / Հուլիս / 2020 : 13-13

Տյումենի մարզի հայկական համայնքի դերը՝ հայապահպանության գործընթացում

Այսօր յուրաքանչյուրիս օրը սկսվում և ավարտվում է համացանցի տիրույթում։

Բոլորիս ուշադրության կենտրոնում է գտնվում մոլորակի բնականոն ընթացքը խաթարած COVID 19 համավարակի
մասին ցանկացած տեղեկատվություն՝ հաճախ տագնապալի և իրականությանը չհամապատասխանող։ Ցուցանիշներն
իսկապես մտահոգիչ են թե՛ Հայաստանում և թե՛ այլ երկրներում։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ
հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած մեր հայրենակիցները՝ ՀՀ քաղաքացիները, կանգնում են բազմաթիվ խնդիրների առջև։ Այս պարագայում արտերկրում գործող Հայաստանի դեսպանատները, հյուպատոսությունները
սկսում են աշխատել գերլարված ռեժիմով։

Yelaket.am-ի ՌԴ-ի գրասենյակի թղթակիցը որոշեց կապ հաստատել հայկական համայնքների հետ՝ ծանոթանալու
համայնքների գործունեությանը ներկայիս իրավիճակում։
Մեր առաջին կանգառն է հեռավոր Սիբիրյան Տյումենի մարզը, իսկ մեր զրուցակիցն է «Տյումենի մարզի հայերի
միություն» ՀԿ-ի նախագահ պարոն Աբրահամ Հովեյանը։

 

-Պարոն Հովեյան, մի փոքր կպատմե՞ք Տյումենի մարզի հայկական համայնքի և վերջինիս գործունեության
մասին

-Տյումենի մարզում բնակվում է շուրջ 25000 հայ՝ Հայաստանի տարբեր մարզերից ու քաղաքներից։ «Տյումենի
մարզի հայերի միություն» ՀԿ-ն սկսել է իր գործունեությունը 2018 թ․-ին։ ՀԿ-ի հիմնական գործառույթն է
համախմբել մեր հայրենակիցներին, ուղղորդել ՝ տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն և օժանդակել
ՀԿ-ի ներքո գործող «Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոն»-ի աշխատանքները։ Վերջինիս գործունեությունը ուղղված է պահպանելու հայկական մշակույթը, ազգային արժեքները և ավանդույթները։

Մեր մշակույթի կենտրոնում (կենտրոնը բաղկացած է 2 մասնաշենքերից Տյումեն քաղաքի տարբեր հատվածներում)
ուսանում են շուրջ 400 սաներ․ սովորում են մայրենի լեզու, հայոց պատմություն, հաճախում են հայկական երգի և
պարի դասընթացների։ Ի դեպ հպարտությամբ կարող եմ նշել, որ հայկական պարի «Նաիրի» համույթը, որը
ձևավորվել է 6 տարի առաջ, ելույթներ է ունենում ոչ միայն Տյումենում, այլ նաև ՌԴ-ի այլ քաղաքներում։

 

 

-Ինչպիսի՞ դեր է ունենում համայնքը հայապահպանության գործընթացում։

- Ասում են, երբ քո հողում չես, ուրեմն հյուր ես։ 21-րդ դարում հյուր հասկացողությունը կորցրել է իր
արդիականությունը, քանի որ բազմաթիվ խնդիրների պատճառով (մասնավորապես օրվա հացը վաստակելու խնդրով) մարդիկ ստիպված հեռանում են իրենց հայրենիքից և ապաստան գտնում այլ երկրներում։ Ներկա պահին ՌԴ-ում
ապրում են ավելի քան 190 ազգեր, Տյումենի մարզում՝ ավելի քան 140։


Յուրաքանչյուր օտարազգի փորձում է չտարբերվել տեղի բնակչությունից․․․ Այս ամենի հիմքում, իհարկե, ընկած են
հոգեբանական դրույթներ, որոնք, ցավոք, քչերին է հաջողվում հաղթահարել, քանզի հակառակ դեպքում մարդիկ կորցնում են իրենց ինքնությունն ու անգամ չեն ցանկանում հիշել, թե որտեղից են գալիս իրենց արմատները։ Եվ ահա այստեղ էլ բացահայտվում է համայնքի առաքելությունը։

-Որո՞նք են համայնքի առջև դրված նպատակները։

-Մի բան է, երբ մարդը հասուն տարիքում է տեղափոխվում ապրելու այլ երկիր, և մեկ այլ բան է, երբ երեխան ծնվում
և մեծանում է օտար միջավայրում։ Առաջին դեպքում համայնքի գլխավոր խնդիրն է արդեն իսկ ձևավորված ազգային արժեքների պահպանումը և զարգացումը։ Առավել բարդ է երկրորդ դեպքում, քանզի անգամ հայկական ընտանիքներից շատերում երեխաների հետ նախընտրում են խոսել տեղի լեզվով։ Այս դեպքում մենք հնարավորինս ուշադիր ենք մոտենում յուրաքանչյուր սանի և մանկուց սերմանում ենք լինել հայ և պատվով կրել հայ լինելու կոչումը։


Մեզ հաջողվել է ստեղծել մեծ, հայկական ընտանիք, որտեղ յուրաքանչյուրը գտել է իր փոքրիկ Հայաստանը։ Շատերի
համար մեր համայնքը իսկապես դարձել է 2-րդ տուն։

-Ինչպե՞ս է անդրադարձել COVID 19 համաճարակը համայնքի գործունեության վրա։

-Համաճարակի պատճառով Տյումենի մարզում բազմաթիվ ընկերություններ ստիպված եղան փակվել՝ ավելացնելով
գործազուրկների թիվը։ Բազմաթիվ մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը, այդ թվում նաև մեր հայրենակիցներից
շատերը։ Այդ պատճառով իմ կողմից կայացվեց որոշում՝ համաճարակի պայմաններում աշխատել օնլայն ռեժիմով՝
պահպանելով բոլոր աշխատակիցների աշխատատեղերը։ Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցները ևս անցել
էին հեռավար ուսուցման, և մեր մշակույթի կենտրոնի սաները ունեին շատ ավելի ազատ ժամանակ, մեր կողմից մշակվեց համապատասխան ծրագիր՝ երեխաների հարկադիր արձակուրդները առավել հետաքրքիր կազմակերպելու
համար։ Ողջունելի է, որ երեխաները ևս մեծ ոգևորությամբ են կատարել իրենց տրված հանձնարարությունները։
Օնլայն են ընթացել անգամ պարի դասընթացները։ Կարևոր է օգտագործել բոլոր լծակները՝ ուղղված հայապահպանման գործընթացին։


Անցած տարվա ընթացքում մենք իրականացրել ենք 50-ից ավելի միջոցառումներ։ Այս տարի, ցավոք, համաճարակի
պատճառով, մենք չեղարկեցինք բազմաթիվ ծրագրեր, որոնք նախապես պլանավորել էինք։ Հուսով եմ մոտ
ժամանակներս աշխարհը կհաղթահարի համաճարակի դեմ պայքարում և մոլորակը կվերադառնա իր կյանքի բնականոն
ռիթմին։

-Պարոն Հովեյան, վերջերս մեր հայկական լրատվամիջոցներից տեղեկացանք, որ Տյումեն քաղաքում կառուցվում է հայ առաքելական առաջին եկեղեցին։ Կմանրամասնե՞ք մի փոքր։

-Ես ծնվել ու մեծացել եմ Հայաստանում, բայց արդեն շուրջ երեսուն տարի ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում։
Որոշ ժամանակ ապրել եմ Նիժնեվարտովսկ և Սուրգուտ քաղաքներում, այնուհետև տեղափոխվել եմ Սիբիրի ոչ
պաշտոնական մայրաքաղաք Տյումեն։ Ապրելով Սփյուռքում ես երբևէ չեմ խզել կապը հայրենիքիս հետ ու միշտ երազել եմ կառուցել իմ ժողովրդին համախմբող մեր հոգևոր տունը։ Թե՛ ես և թե՛ իմ ընտանիքը չենք պատկերացնում կյանքն առանց եկեղեցու։ Կարծում եմ կարիք չկա նշելու, թե ինչպիսի բարդությունների միջով ենք անցել, մինչև ստացել ենք բոլոր համապատասխան թույլտվությունները։


Քաղաքային իշխանությունների կողմից առաջարկվել էին մի քանի տարածքներ՝ եկեղեցու շինարարությունը սկսելու
համար։ Բազմաթիվ դիտարկումներից հետո իմ կողմից ընտրվեց եկեղեցու ներկայիս տարածքը (Զավոոդուկովսկայա և Օմուտինսկայա փողոցների խաչմերուկ), քանզի տվյալ հատվածում, քաղաքի բարեկարգման ծրագրի մեջ, ներառված
չեն բարձրահարկ շինությունների կառուցումը։ Աստծո նախախնամությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եկեղեցին
անվանակոչեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով։ Եկեղեցու շինարարական աշխատանքների սկիզբը համարվում է
2019թ․ սեպտեմբերի 21-ը, երբ տեղադրվեցին եկեղեցու առաջին հենասյուները։ Հատկանշական է, որ այն համընկել
է Հայաստանի անկախության տոնի հետ։ Նույն թվականի հոկտեմբերի 26-ին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի
հայոց թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որը նշվեց մեծ տոնախմբությամբ։ Այս ամիսների ընթացքում եկեղեցու շինարարությունը չի դադարեցվել և ոչ մի օր։ Չնայած համաճարակային պայմաններին՝ մեզ հաջողվեց Հայաստանից Ռուսաստան տեղափոխել եկեղեցու արտաքին հարդարման համար նախատեսված հայկական տուֆն ու բազալտը։ Եկեղեցու աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ․ ամռանը։

-Պարոն Հովեյան, ունե՞ք արդյոք աջակիցներ Ձեր հայրենանվեր գործում։

-Արդեն 9 ամիս է, ինչ ընթանում են եկեղեցու շինարարական աշխատանքները։ Նախաձեռնողը եղել եմ ես, սակայն
այս ընթացքում բոլոր ցանկացողները ունեցել են հնարավորություն՝ դառնալու բարերար։ Դա արդեն յուրաքանչյուրի ընտրությունն է։ Տեղին է ասված, որ անտարբերությամբ մի մեղանչեք, այլ բարեգործությամբ արդարացեք։


Այո, սկիզբը դրվել է իմ կողմից և ես խոստանում եմ ցանկացած պարագայում շինարարությունը հասցնել իր
տրամաբանական ավարտին։ Ինչպես ասում են․ Առաջ Աստված։

Զրուցեց Սուսաննա Գևորգյանը

Դիտվել է 131580անգամ
Վերջին լուրեր