Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հուլիս / 2020 : 14-32

Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը ծիլն ու ծնունդն է. Գեղամ Օհանյան

Ելակետ   լրատվականի/Yelaket.am-ի    հյուրն    է  «Խարույկ»  արշավական   ակումբի   հիմնադիր-տնօրեն  Գեղամ Օհանյանը, որը  մեզ  հետ  կիսեց  իր  խոհերը  Հայաստանի ամենատպավորիչ  վայրերի, էկոտուրիզմի   և  բնության  ամենահրաշալի  ստեղծագործությունների  մասին:

-Ի՞նչ  է  էկոտուրիզմը:

-Էկոտուրիզմը տուրիզմի այն բոլոր  ճյուղերն են, որոնց հիմքում ընկած է բնությունն ու բնապահպանությունը: Առաջին հայացքից կարելի է ամեն բան ներառել բնության մեջ, անգամ տեխնիկան և շինությունները, բայց այս բանաձևով տուրիզմի բոլոր ճյուղերը կդառնան էկոտուրիզմի մաս: Տարբերությունն այն է, որ զբոսաշրջիկը էկոտուրիզմի մեջ իր վայելքն ու սպասումները ակնկալում է բնությունից և բնականից, այսինքն՝ ոչ մարդկային գործոնով պայմանավորված գեղեցկություններից և երևույթներից: Էկոտուրիզմը ավելի լավ պատկերացնելու  համար կարող  ենք  թվել  նրա  արտահայտված  ճյուղերը՝

-քայլարշավներ

-լեռնագնացություն

-կենդանիների դիտարկում,թռչնադիտարկում

-գիշերակաց վայրի բնության գրկում

-այցելություն  բնության  հուշարջաններ՝ ջրվեժներ, քարանձավներ, կիրճեր  և այլն:

Էկոտուրիզմը  ուղեկցվում է  նաև բնապահպանական երևույթներով և ընդհանրապես, էկոտուրիզմով զբաղվող զբոսաշրջիկների մեծ մասը իրենց էությամբ բնապահպան են: Նրանք սիրում են իրենց  քայլարշավների  կամ այցելությունների  ժամանակ աղբ  հավաքել, մաքրել  շրջակայքը  ու  զբաղվել  բնությանը  օգտակար  գործունեությամբ:

-Տուրիզմը  զարգացնելու  համար  ո՞ր  նախադրյալներն  են  անհրաժեշտ:

-Տուրիզմը զարգացնելու ամենաառաջին նախապայմանը, ըստ իս, տեղի բնակչության գիտակցության բարձրացումն է իրենց շրջակա միջավայրի, բնության և մշակութային կոթողների հանդեպ։ Եթե մենք ուզում ենք, որ զբոսաշրջիկը արժևորելով մեր հարստությունները գա մեր երկիր, ուրեմն նախ և առաջ մենք ինքներս պետք է սովորենք արժևորել այն։ Եթե սկսեցինք իսկապես արժևորել, բազամաթիվ խնդիրներ ինքնաբերաբար կլուծվեն։ 
Հայաստանում չկա նաև զբոսաշրջիկի ինստիտուտի հանդեպ ձևավորված հարգանք և վերաբերմունք։ Որոշ բնակավայրերում զբոսաշրջիկներին շատ լավ են վերաբերվում, որոշ բնակավայրերում փորձում են ուղղակի օգտագործել, խաբել և այլն։ Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն։

 

-Տուրիզմը  կարո՞ղ  է  նպաստել  տնտեսական  մի  շարք  խնդիրների  լուծմանը:

-Տուրիզմը ոչ միայն կարող է նպաստել տնտեսական խնդիրների լուծմանը, այլև տուրիզմը հենց ինքը լուծում է բազմաթիվ տնտեսական ասպարեզներում։ Գոնե մեր նման երկիրը, որը ունի զբոսաշրջության մի շարք ճյուղերի արտահայտված հարստություն, կարող է իր տնտեսության մի ծանր թևը հենել զբոսաշրջության վրա։ Մենք ունենք հարուստ պատմություն, ունենք ճարտարապետական տարբեր հազարամյակների հարյուրավոր արժանի կոթողներ, հարուստ մշակույթ, ունենք գեղեցիկ բնություն, լուրջ բարձրություններ՝ գագաթներ և այլն։

-Ո՞րն  է «Խարույկ» արշավական  ակումբի  ստեղծման  նպատակը:

-«Խարույկ»-ը ծնվեց, որպեսզի հային ծանոթացնի իր հայրենիքին, բառի ամենալայն իմաստով։ Այս տարիների ընթացքում մենք հազարավոր մարդկանց ենք ուղեկցել դեպի լեռներ, բնություն և հուշարձաններ, նրանց մեծ մասը նաև մեր կողմից իրականացրած աշխատանքի արդյունքում այսօր ավելի է արժևորում մեր ունեցածը և ամրապնդում իր մեջ տեր լինելու զգացումը։ Հայը ապրում է լեռների մեջ, սնվում լեռներից եկած մաքուր օդով ու ջրով, կարողանում պաշտպանել ինքն իրեն նաև այդ լեռների օգնությամբ, նա պարտավոր է լինել լեռնական։

-Ո՞րն  է  Հայաստանի  ամենատպավորիչ  վայրը:

-Լինելով  Հայաստանի  տարբեր  անկյուններում՝ տարբեր լեռնաշղթաների  վրա, կիրճերում ու գագաթներում, ես  այս հարցին պատասխանել  չեմ  կարող։ Միայն կասեմ, որ ես ամեն վայրկյան  կարոտում  եմ  ողջ Լեռնահայաստանը, անգամ  երբ  լեռների  վրա ենք, հագենալը դժվար է։

-Օտարազգիներն   արդյոք  հետաքրքրվա՞ծ  են  Հայաստանի  բնաշխարհով:

-Սեփական փորձից կարող եմ ասել,  այո՛, մեր բնությունը կարողանում  է  գերել օտարերկրացիներին։ Նկատել  եմ  նաև, որ  ավելի  բարձր  քաղաքակրթության ներկայացուցիչները  ավելի  շատ  են  կլանվում, այսինքն՝  սա  մեծ  ազդակ  պիտի  լինի  մեզ համար, աշխատելու ավելի  բարեկիրթ  զանգվածի  հետ։

- «Սպիտակ  ջոկատ»  ակումբը   բնապահպանական   ի՞նչ  խնդիրների  դեմ   է  պայքարում:

-«Սպիտակ ջոկատ»-ի ստեղծման ակունքներում կրկին «Խարույկ» ակումբն է, բայց չեմ ծավալվի, այսօր  «Սպիտակ ջոկատ»-ը  ունի նոր համակարգողներ, ովքեր ավելի մանրամասն կկարողանան ներկայացնել կազմակերպությունը։
Միայն ասեմ, որ «Սպիտակ ջոկատ»-ի գերագույն առաքելությունը էկոմշակույթի տարածումն է, այսինքն՝ ոչ թե աղբահավաքները, որը նա իրականացնում է, այլ այն մշակույթի  ձևավորումը, որը  կկանխարգելի  աղբի  և  այլ  վնասակար  իրերի  տարածումը։

-Համամի՞տ  եք, որ  աշխարհում  եղած  բոլոր մոլորություններն  առաջացել  են  բնությունը անբավարար  ճանաչելու  հետևանքով:

-Ոչ  միայն  համաձայն  եմ, այլ  համոզված եմ։ Հավելեմ, որ  երջանիկ են  այն մարդիկ, ովքեր ապրում  են  բնության  օրենքներին  համահունչ։

-Գոյություն  ունի՞  մեռյալ  բնություն:

-Հանքերի  թողած ավերակված մնացորդների հետ առնչվելիս, կարող եմ ասել,  այո։ Բայց իրականության   մեջ  բնությունը  մեռնել  չի  կարող, բնությունը  ողջ տիեզերքն  է  իր ամբողջության մեջ։ Մեռյալ կարող  է  լինել  մեր  պատկերացումը  որոշ  զանգվածների նկատմամբ։  Բայց  անգամ  քարը  կենդանի  օրգանիզմ  է։

-Բնության  ամենահրաշալի  ստեղծագործությունը...

-Բնության  ամենահրաշալի  ստեղծագործությունը  ծիլն  ու  ծնունդն է։

 

Նյութը  պատրաստեց  Նարինե  Պետրոսյանը:

Դիտվել է 24463անգամ
Վերջին լուրեր