06 / Հուլիս / 2020 : 19-17

Ստեփանակերտի բազմաբնակարան նոր թաղամասը 300 բնակարան կունենա. Արցախի նախագահ

Մայրաքաղաքի բազմաբնակարան նոր թաղամասը 300 բնակարան կունենա։ Նախագահը հանձնարարել է ստուգել քաղաքաշինական չափորոշիչները։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտում իրականացվող բնակարանաշինության ծրագրերին:

 Այս մասին yelaket.am-ը տեղեկանում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 
Հանդիպմանը ներկա «Դոմինիկ Սիստեմ» ընկերության պատասխանատուները նախագահին են ներկայացրել ընկերության կողմից մայրաքաղաքում իրականացվող բազմաբնակարան թաղամասի շինաշխատանքների ընթացքը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախ այն պետք է համապատասխանեցվի Ստեփանակերտի գլխավոր հատակագծի նախագծի պահանջներին, իսկ Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ձեռքբերվելուց առաջ բնակարանները պետք է ստանան քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների համապատասխան մասնագիտական եզրակացությունը: Նախագահի խոսքով՝ հայտարարված քաղաքականության տրամաբանության համաձայն՝ բնակարանների ձեռքբերման համար գինն առաջարկելու է կառավարությունը, իսկ եթե կառուցապատողն ավելի լավ առաջարկ ունենա, ապա ազատ կլինի իր որոշման մեջ:
 
«Դոմինիկ Սիստեմ» ընկերության պատասխանատուները շնորհակալություն են հայտնել նախագահ Հարությունյանին համագործակցության համար և խոստացել, որ, ըստ նախանշվածի, 2022թ.-ին շահագործման կհանձնեն 120 բնակարան, հաջորդ երեք տարիների ընթացքում՝ 180 բնակարան:
 
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 10753անգամ
Վերջին լուրեր