07 / Հուլիս / 2020 : 13-37

«1 ռեանիմացիոն պացիենտի համար մոտավորապես 1 միլիոն դրամ»․ Թորոսյանը կորոնավիրուսով 1 հիվանդի բուժման ծախսի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր պատասխանելով լրագրողների հարցերին նշեց, թե ինչպես են ծախսվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքված գումարները։

Նրա խոսքով՝ դրանք ծախսվել են բուժական և այլ միջոցառումների համար. սարքավորումներ ձեռք բերել, բժշկական ծառայությունների համար վճարել, բուժանձնակազմին վարձատրել, կարանտինային վայրերում մարդկանց խնամքն ապահովել։ Ինչ վերաբերում է հարցին, թե քանի դրամ է ծախսվում մեկ վարակակրի բուժման համար, Թորոսյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը չկա, քանի որ հիվանդները բուժվում են տարբեր ԲԿ-ներում, տարբեր անձնակազմով ու տարբեր հագեցվածությամբ. «Այդ հաստատությունները ֆինանսավորվում են հիմնականում պահպանման ծախսերով:

Կախված հիվանդանոցային մահճակալների զբաղվածությունից մոտավոր կարելի է ասել, թե տվյալ ԲԿ-ում մեկ պացիենտի միջին ծախսն ինչքան է:

Սակայն կան նաև հաստատված գներ, որոնցով մենք վճարում ենք այն ԲԿ-ներին, որոնք ամբողջությամբ չէ, որ զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ,  այլ ունեն նման բաժանմունքներ:

Եթե չեմ սխալվում, մեկ ռեանիմացիոն պացիենտի համար՝ միջին հոսպիատալացման տևողությամբ, մոտավորապես մեկ միլիոն դրամ գումար էր ստացվում: Բայց այդ թվերը հիմա անգիր չեմ հիշում, դրանք գաղտնիք չեն, դրանք իմ ասած հանձնարարականի շրջանակներում կհրապարակենք»:

Դիտվել է 183422անգամ
Վերջին լուրեր