Այսօր արտասահմանյան լրագրողների այց կունենանք Տավուշի գյուղեր. ԱԳՆ-ն աշխատում է այս ուղղությամբ. Հովհաննիսյան
Ադրբեջանական «փառապանծ» բանակը, որի մասին շատ է սիրում խոսել իրենց նախագահը, ըստ էության, ցույց տվեց, որ իրենց զորատեսակներից ոչ մեկը բարձր մարտունակություն եւ արդյունավետություն ցույց չի դրսեւորել, անգամ «ամենափառապանծ» հատուկ նշանակության զորքերը: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը
«Տակը մնում են ԱԹՍ-ները, որոնք շատ թանկ են: Դրանք հիմնականում ձեռք են բերվում Իսրայելից, եւ այդ գումարները կտրվում են ադրբեջանցի ժողովրդի չափաբաժնից»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիյանը նշեց, որ առավոտյան ռուսական մամուլից է իմացել, որ իսրայելական մասնագետներ են ժամանել Բաքու: «Թուրքիայից տրանսպորտային ինքնաթիռ եկավ, այսօր էլ մարզիչների ժամանումը Ադրբեջան: Տեսնենք, դրան անպայման կանդրադառնանք»:
Անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից հայկական բնակավայրերի հրետակոծությանը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Այո, պատերազմական հանցագործությունների մասին հարցը պետք է բարձրացվի ամենաբարձր մակարդակով: Եթե չեմ սխալվում, մենք այսօր արտասահմանյան լրագրողների այց կունենանք: ԱԳՆ-ն աշխատում է այս ուղղությամբ»: