Ոչինչ չի փրկելու արկածախնդիրներին. Արայիկ Հարությունյան

Հարգելի՛ հայրենակիցներ
Անցած գիշերն անց եմ կացրել մեր դիրքապահ տղաների հետ: Տեղակայված դիրքի բարձրությունից (3724 մ) տեսանելի են հակառակորդի ոչ միայն մեծածավալ ռազմական ենթակառուցվածքներն ու զորքերի շարժը, այլև շուրջ կես միլիոն բնակչության առօրյան:
Դա մեկ կետից միայն. և այս պարագայում պաշտոնական Բաքուն արցախա-ադրբեջանական հակամարտության ռազմական լուծո՞ւմ է ուզում...

Պաշտպանության բանակի շտաբի պետի հետ տեղում քննարկել եմ հակառակորդի հավանական արկածախնդրության դեպքում մեր քայլերի հաջորդականությունը, ինչն Ադրբեջանին անդառնալի կորուստներ կհասցնի:

Մեզ հետ ուժի լեզվով խոսելու հարցում ժամանակն իր դասերն է թողել. եթե այդ դասերը Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական իշխանության պատասխանատուների համար ուսանելի չեն եղել, ուրեմն հենց նրանք են կրելու իրենց հնարավոր անխոհեմ հրամանների արդյունքում տարածաշրջանում առաջացած հումանիտար աղետի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը:
Ոչինչ չի փրկելու արկածախնդիրներին...

Հ.Գ. Մեր հերոս տղաներն ամուր կանգնած են Հայրենիքի պաշտպանության դիրքերում, իսկ ողջ ազգը՝ նրանց թիկունքին:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
