Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունը Ռուսաստանի կառավարման ողջ ապարատի ջղաձգումն է

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունը վառ ապացույցն է այն բանի, որ Ռուսաստանի Դաշնությունը, մեծ հաշվով, կորցրել է իր ազդեցությունը Հայաստանում: Այն միանշանակ համաձայնեցված է Ռուսաստանի իշխանությունների հետ, և ըստ էության, ներկայացնում է Ռուսաստանի իշխանությունների մեջ կուտակվածը՝ Հայաստանում հետհեղափոխական գործընթացների հետ կապված: Սա այն է, ինչ չեն կարող ասել ո՛չ արտաքին գերատեսչությունները, ո՛չ պետական պաշտոնյաներից և ո՛չ ոք: Սա Ռուսաստանի կառավարման ողջ ապարատի ջղաձգումն է և կետ առ կետ արտահայտում է նրանց վախերն ու մտահոգությունները:
2018թ. մայիսից սկսված գործընթացները, եթե ոչ առերևույթ, ապա որոշակի ընդհատակյա լարում էին առաջացրել ռուս-հայկական հարաբերություններում՝ կապված եվրոպական ինտեգրացիայի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման և մի շարք այլ սկզբունքային հարցերում տարաձայնությունների պատճառով: Եվ այս համատեքստում նման ֆորմատով կազմակերպել Ռուսաստանի համար զգայուն հարցերի արծարծումը և Հայաստանին ինչ-որ մեսիջներ փոխանցելու ցանկությունը, միանշանակ անհույս ջանքեր են:

Այլ բառերով ասած, հեղափոխությունը արտաքին քաղաքականության մեջ տալիս է իր առաջին պտուղները, և այն, ինչ մենք անվանում ենք ինքնիշխանություն, առավել քան մոտ է և շոշափելի: Եվ միանգամայն պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր Հայկական Բանակի փառահեղ գործելաոճը ադրբեջանական ագրեսիայի դեմ, այլ ելք չէր թողնելու Ռուսաստանին, քան նման հուսահատ քայլը: Հայկական բանակը՝ որպես անվտանգության երաշխավոր, ստանձնեց նաև ինքնիշխանության երաշխավորի պատվավոր դերը:



Վերջին օրերի սահմանային լարվածության պայմաններում, միջազգային կառույցների, այդ թվում և ռուսական թևի, հայտարարությունները մեղմ ասած հուսադրող չէին, եղան դատապարտող և կողմերին խաղաղության կոչ անող ձևական հայտարարություններ, որը ամենևին չնպաստեց խաղաղության հաստատմանը: Ներկայիս հարաբերական խաղաղությունը պահպանվում է միայն ու միայն հայկական բանակի հզորության շնորհիվ: Սա կարևոր արձանագրում է այն պատճառով, որ հայկական բանակը կրում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ծանր բեռը: Միջազգային հանրությունը վստահաբար սա գիտակցում է: Այս ամենը մեզ՝ որպես հաղթող երկիր, տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, միջազգային հարթակներում արժանավայել ու ինքնիշխան բանակցելու մեծ հնարարավորություններ է ընձեռում:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը պատմական բարդ մի ժամանակահատվածում բավականին բարենպաստ իրավիճում է հայտնվել, և ճիշտ քաղաքականության վարման շնորհիվ հնարավոր է հասնել առավել շոշափելի արդյունքների:
Հեղինակ՝ Հովհաննես Սարգսյան
Նյութի աղբյուրը՝ yelaket.am

Ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը՝ Ատոմային էներգետիկա մասնագիտացմամբ։ Աշխատել է «Արմատոմ» գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժիներ, Աշխատել է նաև Հանրային Հեռուստաընկերության լրատվական ծառայությունում և մի քանի այլ լրատվական գործակալություններում, քաղաքական վերլուծաբան է գլոբալ հիմնախնդիրների գծով։