20 / Հուլիս / 2020 : 16-19

Շնորհակալ եմ բոլորին պատրաստակամության, նվիրվածության և արդյունավետ համագործակցության համար․ Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Վերջին օրերին հակառակորդի կողմից հրահրված սահմանային լարվածությանն ի պատասխան հայկական զինուժի գործողություններին համահունչ գործեցին նաև բանակի թիկունքն ապահովող հասարակական տարբեր շերտեր, կառույցներ և անհատներ, նրանք իրադրությունը ճիշտ գնահատեցին, համակարգված ու գրագետ արձագանքեցին, հնարավոր բոլոր միջոցներով բանակի կողքին պատրաստակամ կանգնեցին։

Համախմբված մեծ ու սրտացավ թիմային աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Արծրուն Հովհաննիսյանին, Հովհաննես Մովսիսյանին, Աննա Նաղդալյանին և բոլորիդ։

Շնորհակալ եմ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի թիմին։ Ապրեք, երեխեք ջան։

Տեղեկատվական դաշտում արդյունավետ աշխատանքի համար անգնահատելի է նաև զանգվածային լրատվամիջոցների դերը, որոնք առաջնորդվել են ազգային շահերով, բայց եւ հավատարիմ մնալով մասնագիտական առաքելությանը, առաջնագծում ու սահմանամերձ համայնքներում տիրող իրադրության մասին անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն են ապահովել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լսարանին:

Մեր ասելիքը տարածաշրջանային և համաշխարհային կարևոր կառույցների ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև տեղեկատվական տիրույթում ձեր արհեստավարժ ու որակյալ աշխատանքի շնորհիվ:

Շնորհակալ եմ բոլորին պատրաստակամության, նվիրվածության և արդյունավետ համագործակցության համար, ինչի արդյունքում մեզ հաջողվեց կասեցնել հակառակորդի գրոհները ոչ միայն առաջնագծում, այլև տեղեկատվական դաշտում, որը ոչ պակաս կարևոր գործոն է:

Զգոն լինենք»։

Դիտվել է 5743անգամ
Վերջին լուրեր