22 / Հուլիս / 2020 : 17-39

Հակառակորդը ծուղակի մեջ է հայտնվել, բայց դա չի նշանակում, որ վերջնական գերության վիճակում են եղել․ Արծրուն Հովհաննիսյան

Տեղանքի մարտական իրավիճակից ելնելով՝ հակառակորդը ծուղակի մեջ է հայտնվել, բայց այդ ծուղակը չի նշանակում, որ վերջնական գերության վիճակում են եղել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ Տավուշի հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հարձակման հերթական փորձին։

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ ադրբեջանական հատուկ ջոկատայինները Տավուշում հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ հերթական հարձակումն են ձեռնարկել։ ՀՀ զինված ուժերին հաջողվել է գրոհը հետ մղել՝ պատճառելով կորուստներ։

Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից, ունեցել են նաև ծուղակում մնացած զինծառայողներ, որոնք չեն կարողացել կատարել իրենց խնդիրը:

Ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո այժմ կատարվում է լրահետախուզում՝ ավելի մանրամասն իրավիճակը հասկանալու համար։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը զոհեր ունի, սակայն թե քանիսն են, չի կարող ասել։

Մեր տեղեկություններով՝ հակառակորդի հատուկ նշանակայինները հայտնվել են 2 դիրքերի հատվածի ձորակում, որը տեսանելի չի եղել հայկական կողմի համար։ Չի բացառվում, որ նրանց ողջ մնացած հատուկ նշանակայինները, մագլցելով ժայռի վրայով, հետ են փախչել:

Դիտվել է 129571անգամ
Վերջին լուրեր