Հայաստան զենքի մատակարարումն իրականացվել է Սերբիայի իշխանությունների հավանությամբ. սերբ նախարար
Սերբիայի սպառազինությունն Հայաստան է արտահանել միանգամից հինգ գերատեսչությունների՝ արտաքին գործերի, ներքին գործերի, պաշտպանության և առևտրի նախարարությունների, ինչպես նաև հետախուզական ծառայության հավանությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սերբական N1-ը, այդ մասին հայտարարել է Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչը։
«2020 թվականին Հայաստանին զենք են մատակարարել մասնավոր ընկերությունները։ Սերբիայում գործող պետական զինագործական ընկերություններն այդ գործարքներում ներգրավված չեն եղել։ Ես չեմ կարող նշել այդ ընկերությունների անունները, սակայն մեր տեղեկություններով Հայաստան են մատակարարվել հիմնականում ինքնաձիգեր և ատրճանակներ։ Դրանց ընդհանուր արժեքը մեկ միլիոն եվրոյից էլ պակաս է եղել։ Այդ սպառազինությունը առաքվել է երկու խմբաքանակով՝ մայիսին և հունիսին», -ասել է Սերբիայի առևտրի նախարարը:
Ռասիմ Լյալիչը շեշտել է, ոչ ԵՄ, ոչ Միացյալ Նահանգները և ոչ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի շատ դժվար է մերժել երկրի՝ սպառազինություն գնելու առաջարկները:
Haqqin.az կայքը հուլիսի 19-ի հոդված է գրել, թե Ադրբեջանի կառավարությունը իբր անհերքելի տեղեկություններ է ստացել, որ Սերբիան Հայաստանին վերջին ամիսների ընթացքում տարբեր տրամաչափի ականանետային սպառազինություն է վաճառել։
Հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել Բաքվում Սերբիայի դեսպան Դանիցա Վեինովիչը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեսպանի հետ զրույցում հայտարարել էր, թե մամուլում հայտնված տեղեկությունները «կասկածի տակ են դնում երկու երկրների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները»։