27 / Հուլիս / 2020 : 20-16

Աշխարհում կորոնավիրուսի համավարակը սաստկանում է

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերն աշխարհում արագանում են. վերջին 6 շաբաթների ընթացքում հիվանդացածների թիվը կրկնապատկվել է՝ հատելով 16 միլիոնի շեմը, իսկ մահացածների թիվը գերազանցել է 650 հազարը: TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ նշելով, որ կազմակերպության արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովն այս շաբաթ նիստ կանցկացնի՝ Covid-19-ի համավարակին նոր գնահատական տալու և համապատասխան հանձնարարականներ ստանալու նպատակով:

Գեբրեյեսուսի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը «փոխել է աշխարհը»: Այն միավորել է մարդկանց և հասարակությունները և միաժամանակ բաժանել է նրանց՝ ցույց տալով, որ մարդիկ կարող են արձագանքել ինչպես դրական, այնպես էլ բացասական:

ԱՀԿ-ի ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ են «ինչպես քաղաքական առաջնորդություն, այնպես էլ հանրության տեղեկացում և նրանց մասնակցություն վիրուսի դեմ պայքարին»:

Գեբրեյեսուսը հայտնել է, որ այս համավարակը ԱՀԿ-ի կողմից երբևէ հայտարարված համաշխարհային արտակարգ իրավիճակներից ամենալուրջն է: Նա անվանել է այն երկրները, որոնց հաջողվել է խուսափել հիվանդության խոշոր բռնկումից և այն վերահսկողության տակ առնել՝ շնորհիվ ձեռնարկված ջանքերի: Այդ երկրների շարքում են Ավստրալիան, Վիետնամը, Գերմանիան, Կամբոջան, Կանադան և Չինաստանը:

ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առանցքային միջոցներն են դեպքերի հայտնաբերումը, հիվանդների և նրանց հետ շփված անձանց մեկուսացումը, թեստավորումը և բուժումը:

Բացի այդ, Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ կազմակերպության նախաձեռնած Կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամի հաշվին փոխանցվել է ավելի քան 225 մլն դոլար: Այդ միջոցները փոխանցել է 536 հազար անհատ և կազմակերպություն:

Դիտվել է 44743անգամ
Վերջին լուրեր