Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հուլիս / 2020 : 19-23

«Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունից»․Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՊԲ հրամանատարական հավաքների ամփոփիչ խորհրդակցությանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Մասնակցել եմ #Պաշտպանության_բանակի հրամանատարական հավաքների ամփոփիչ խորհրդակցությանը:

Բարձրաստիճան սպայական անձնակազմին ուղղված իմ ելույթից կցանկանայի առանձնացնել մի քանի շեշտադրումներ.

 

Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունից: Հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում հրահրված բախումները, ապա Թուրքիայի ագրեսիվ ու բացահայտ ներգրավումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ ռազմատենչ գործողություններում մեկ անգամ ևս հաստատում են այն իրողությունը, որ բանակաշինության ոլորտը եղել և մնում է մեր պետության կենսագործունեության ամենագերակա ուղղությունը, և մենք պետք է անենք առավելագույնը բանակի զարգացման ու զորացման համար:

 

Թե՛ արդի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, թե՛ ինժեներական նոր կառուցների ստեղծումը պաշտպանության գոտու ամբողջ խորությամբ, թե՛ սպայական անձնակազմի սոցիալական խնդիրների լուծումը մշտապես կրելու են շարունակական բնույթ՝ գտնվելով Հանրապետության իշխանությունների և ողջ ժողովրդի հատուկ ուշադրության կենտրոնում: Հայ զինվորականը պետք է ապահովված լինի բոլոր անհրաժեշտ պայմաններով թե՛ Հայրենիքի պաշտպանության և թե՛ սեփական ընտանիքի կարիքները հոգալու համար:


Մեր բանակը եղել է, կա և կլինի հզոր ու մարտունակ՝ միշտ պատրաստ պաշտպանելու հայրենի երկրի սահմանները, հարազատ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը: Սա ազգային օրակարգի հարց է, և, համատեղելով համայն հայության ջանքերն ու ներուժը, մենք կանենք առավելագույնը այն հաջողությամբ լուծելու համար»:

Դիտվել է 12469անգամ
Վերջին լուրեր