Պետք է իմաստուն լինես, որ սիրես, որովհետև իմաստուն լինելով ես հասկանում, որ ամեն ինչի հիմքում սերն է

Ելակետ լրատվականի/ Yelaket.am-ի հյուրն է պարուհի Իռեն Ուլիխանովան, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը հայկական պարարվեստի, պարի հմայքի և բեմադրության մասին:

-Ինչու՞մն է պարի հմայքը:
-Պարը թերևս ամենահմայիչ, գեղեցիկ, սլացիկ, պլաստիկ արվեստի ճյուղերից է: Պարի հմայքը երաժշտության, շարժումի, պլաստիկայի, հագուստի, լույսի և հուզական աշխարհի ներդաշնակ համադրման մեջ է:

-Պարի ո՞ր տեսակն է այժմ նորաձև և ակտուալ:
-Միշտ նորաձև է համարվում այն պարը, որն ունի ասելիք և ժամանակի հետ համահունչ խորհուրդ:

-Ինչո՞վ է առանձնանում հայկական պարարվեստը:
-Հայկական պարարվեստը առանձնանում է իր դարերից եկող խորհրդով, իմաստով, մեր կենցաղին պարի միջոցով ծանոթացնելու հնարավորությամբ, մեր՝ տարբեր շրջանների տարազների բազմազանությամբ և օրիգինալությամբ, մեր երաժշտականությամբ:

-Ապրելով ԱՄՆ-ում, նաև դասավանդում եք: Օտարերկրացիների համար արդյոք հետաքրքիր են հայկական պարերը:
-ԱՄՆ-ում դասավանդում եմ մեր հայ բալիկներին, ինչպես նաև ազգությամբ հայ հարսիկներին: Առայժմ փորձ չեմ ունեցել օտարերկրացիների հետ աշխատելու, բայց վստահ կարող եմ ասել, որ պարարվեստը անլեզու արվեստ է և կարող է հետաքրքրել բոլորին, անկախ ազգությունից, սեռից, տարիքից:

-Պարարվեստում ո՞վ է Ձեզ հիացնում:
-Ռուսաստանի «Առաջին ալիք»-ով և ինչպես նաև ամերիկյան պարային նախագծերում մասնակից տաղանդավոր երիտասարդ պարող-պարուհիներն են ինձ հիացնում` իրենց բազմակողմանի պարային հնարավորություններով:

-Բեմադրությամբ զբաղվու՞մ եք:
-Իհարկե բեմադրությամբ զբաղվում եմ, ավելացնեմ, որ շատ եմ սիրում բեմադրել:

-Իսկական սերը անողո՞ք է:
-Իսկական ամեն ինչն է անողոք:

-Անհնարի՞ն է և սիրել, և իմաստուն լինել:
-Կարծում եմ՝ պետք է իմաստուն լինես, որ սիրես, որովհետև իմաստուն լինելով ես հասկանում, որ ամեն ինչի հիմքում սերն է:

-Ի՞նչն է ընտանիքի ամրության գրավականը:
-Սերը, հարգանքը, վստահությունը և ճիշտ «դերաբաժանումը»:

-Ի՞նչն է այսօր Ձեզ երջանկություն պարգևում:
-Ես երջանիկ եմ, որովհետև իմ սիրելի բոլոր մարդիկ առողջ են:




Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը: