30 / Հուլիս / 2020 : 20-36

Պետք է իմաստուն լինես, որ սիրես, որովհետև իմաստուն լինելով ես հասկանում, որ ամեն ինչի հիմքում  սերն  է

Ելակետ լրատվականի/ Yelaket.am-ի հյուրն  է  պարուհի Իռեն Ուլիխանովան, որը մեզ հետ զրույցում կիսեց  իր  խոհերը  հայկական  պարարվեստի, պարի  հմայքի  և  բեմադրության  մասին:

-Ինչու՞մն  է  պարի  հմայքը:

-Պարը թերևս ամենահմայիչ, գեղեցիկ, սլացիկ, պլաստիկ արվեստի ճյուղերից է: Պարի հմայքը երաժշտության, շարժումի, պլաստիկայի, հագուստի, լույսի և հուզական աշխարհի ներդաշնակ  համադրման  մեջ  է:

-Պարի  ո՞ր  տեսակն  է  այժմ   նորաձև  և  ակտուալ:

-Միշտ նորաձև է համարվում այն պարը, որն ունի ասելիք և ժամանակի հետ համահունչ խորհուրդ:

-Ինչո՞վ  է  առանձնանում   հայկական  պարարվեստը:

-Հայկական պարարվեստը առանձնանում է իր դարերից եկող խորհրդով, իմաստով, մեր կենցաղին պարի միջոցով ծանոթացնելու հնարավորությամբ, մեր՝ տարբեր շրջանների տարազների  բազմազանությամբ  և  օրիգինալությամբ,  մեր  երաժշտականությամբ:

-Ապրելով  ԱՄՆ-ում, նաև դասավանդում եք: Օտարերկրացիների համար արդյոք հետաքրքիր  են   հայկական  պարերը:

-ԱՄՆ-ում դասավանդում եմ մեր հայ բալիկներին, ինչպես նաև ազգությամբ հայ հարսիկներին: Առայժմ փորձ չեմ ունեցել օտարերկրացիների հետ աշխատելու, բայց վստահ կարող եմ ասել, որ պարարվեստը անլեզու արվեստ է և կարող է հետաքրքրել բոլորին, անկախ  ազգությունից, սեռից, տարիքից:

-Պարարվեստում  ո՞վ  է  Ձեզ   հիացնում:

-Ռուսաստանի «Առաջին ալիք»-ով և ինչպես նաև ամերիկյան պարային նախագծերում մասնակից տաղանդավոր երիտասարդ պարող-պարուհիներն են ինձ հիացնում` իրենց բազմակողմանի  պարային  հնարավորություններով:

-Բեմադրությամբ  զբաղվու՞մ  եք:

-Իհարկե  բեմադրությամբ զբաղվում եմ, ավելացնեմ, որ շատ եմ սիրում բեմադրել:

-Իսկական  սերը  անողո՞ք  է:

-Իսկական  ամեն  ինչն  է  անողոք:

 

-Անհնարի՞ն  է  և  սիրել, և  իմաստուն  լինել:

-Կարծում եմ՝ պետք է իմաստուն լինես, որ սիրես, որովհետև իմաստուն լինելով ես հասկանում, որ ամեն ինչի հիմքում  սերն  է:

-Ի՞նչն  է  ընտանիքի  ամրության  գրավականը:

-Սերը, հարգանքը, վստահությունը  և  ճիշտ  «դերաբաժանումը»:

-Ի՞նչն   է  այսօր   Ձեզ   երջանկություն  պարգևում:

-Ես  երջանիկ եմ, որովհետև իմ սիրելի բոլոր մարդիկ առողջ են:

Նյութը  պատրաստեց  Նարինե  Պետրոսյանը:

Դիտվել է 100876անգամ
Վերջին լուրեր