04 / Օգոստոս / 2020 : 10-27

Ուսուցիչը միայն աշխատանք չէ, ուսուցիչը  սովորական մեկը չէ... Արսեն  Վարդանյան

Ելակետ լրատվականի/ Yelaket.am-ի հյուրն է մանկավարժ, բլոգեր, վերապատրաստող ուսուցիչ, կրթության փորձագետ, ԵՊՀ ասպիրանտ, «Գրականություն 7» նոր դասագրքի համահեղինակ   Արսեն  Վարդանյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը ուսուցչի կարևոր հատկանիշների, բարեփոխումների, մեթոդների, գրականության պրոպագանդայի և երազանքի  դպրոցի մասին:

-Ո՞րը   պետք  է  լինի   21-րդ   դարում   հայ   ուսուցչի   կարևոր   հատկանիշը:

-21-րդ  դարի, և առհասարակ, բոլոր դարերի ուսուցչի համար շատ կարևոր են այն բոլոր հատկանիշները, որոնք ինքը փորձում է իր աշակերտների մեջ սերմանել, այսինքն՝ բանիմացություն, բարություն, լայնախոհություն, մտածելու և վերլուծելու, եզրակացություններ անելու կարողություն, լայն աշխարհայացք և այլն։ Իսկ 21-րդ դարում և հատկապես հայ ուսուցչի համար ես շատ կարևորում եմ քաղաքացիական բարձր ինքնագիտակցությունը, ազգային արժեքների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքը  և ուսուցիչ-մտավորականի կերպարը: Ուսուցիչը միայն աշխատանք չէ, ուսուցիչը  սովորական մեկը չէ, ուսուցիչը հասարակության մեջ  շատ  բարձր  դիրք  ունեցող, իր  հետևից  մարդկանց տանող, առաջնորդի բոլոր հատկանիշներով օժտված մեկն  է, որի հետ հաշվի պետք է նստեն բոլորը։

-Բարեփոխումների  նոր   փուլում   ի՞նչն  է   գերխնդիրը:

-Բարեփոխումների բոլոր փուլերում էլ գերխնդիրը ժամանակին համապատասխան կրթությունն է, այսինքն՝ կրթություն կյանքի համար և կյանքի պահանջներից բխող։ Կրթությունը ոչ թե լոկ գիտելիք մատուցելու և այդ գիտելիքը մարդու ուղեղում ամեն կերպ դաջելու, ամրապնդելու համար, այլ կրթություն կյանքի համար: Սա պիտի լինի սկզբունքը, իսկ երկրորդ գերխնդիրը իրականացնելու ձևերն են, այսինքն՝ ինչպե՞ս իրականացնել ուսուցչի միջոցով՝ շարունակ կատարելագործելով ուսուցչի մասնագիտական որակները։ Իսկ երրորդ խնդիրը կրթության միջոցով երկրի քաղաքացու կերպարի ձևավորումն է։ Այստեղ շատ եմ կարևորում մարդ-քաղաքացու ձևավորումը, այսինքն՝ ոչ թե միայն բազում գիտելիքներով ու հմտություններով զինված մեկը, այլ իր երկրի, ազգային նկարագրի պահպանման, հասարակության խնդիրներով մտահոգ, ազնիվ, խելացի, ուժեղ, պատրաստված, երջանիկ ու ինքնաբավ անհատի ձևավորումը։

 

-Եթե   շարունակենք  ուսուցիչներին   մեթոդներ և  հնարներ   սովորեցնել, առաջ  կգնա՞նք:

-Պարտադրանքով ուսուցչին մեթոդներ և հնարներ սովորեցնելը մեզ ոչ մի տեղ էլ չի տանի:Նախ ընդհանուր կրթական քաղաքականությունը պիտի միտված լինի դրան, որ առանց նորարար մեթոդների և հնարների հնարավոր չլինի կրթություն իրականացնել, ինչպես որ հնարավոր չէ առանց մաթեմատիկական ունակությունների, հաշվարկների, բանկում, տնտեսագիտության  կամ  թվային ոլորտում աշխատել: Այդ նույն ձևով էլ հնարավոր չէ ուսուցիչ աշխատել առանց նոր մեթոդներ, հնարներ սովորելու, որովհետև դրանք կենսական անհրաժեշտություն են: Նոր մեթոդները և հնարները պետք է լինեն ուսուցչի աշխատանքային կարևոր գործիքները, առանց որոնց ինքը ուղղակի չի կարող աշխատել: Բայց յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ունենա մեթոդական իր զինանոցը, սովորեցնելու, մատուցելու, ուղղորդելու, ոգեշնչելու իր եղանակը։ Հնարավոր չէ նույնությամբ կրկնել հանրահայտ որևէ մեթոդ, և մեծ արդյունք ակնկալել, եթե դու դրան չես խառնում քոնը՝  հաշվի առնելով շատ առանձնահատկություններ։

-Ո՞ր   մեթոդը   այսօր  պետք  է  հանել  օրակարգից:

-Սովորելու հին և նոր մեթոդներ չկան: Այն մեթոդները, որ ասում ենք ժամանակակից, նորարարական, դրանց մեծ մասը  բոլորովին էլ նորարարական և ժամանակակից չէ: Եթե մեզ թվում է, թե տարանք բնության մեջ և դաս արեցինք, և դա նորարարություն էր, ապա չարաչար սխալվում ենք, որովհետև եթե գնանք Հին Հունաստան կամ միջնադարյան Հայաստան, կամ էլ 19-րդ դար, ապա  կտեսնենք, որ ժամանակի նշանավոր ուսուցիչներն արդեն իսկ փորձարկել են այդ մեթոդների մեծ մասը, օրինակ՝ Խ. Աբովյանը Հրազդանի ձորում՝ Զանգուի ափին, դաս էր անում և  բնագիտությունը սովորեցնում էր բնության գրկում։ Կոմիտասն իր ժամանակի ամենամեծ նորարարներից մեկն էր, որը կարևորում էր խաղը որպես ուսուցման ձև: Թումանյանի ստեղծած խաղերն այսօր էլ կիրառում ենք դպրոցներում։ Այս առումով հին և նոր մեթոդներ չկան: Կա մեթոդը կիրառելու տեղը, ձևը և անհրաժեշտությունը

-Հեռավար  կրթությունն  ի  վերջո  օգնե՞ց, թե՞  խանգարեց:

-Նայած թե ինչ տեսանկյունից ենք դիտարկում: Եթե նայենք որպես փոխարինող միջոց, հնարավորություն արտակարգ իրավիճակում կրթությունը կազմակերպելու, ապա լավագույն տարբերակն էր, այլապես կրթությունը փլուզման եզրին էր կանգնելու, որևէ բան չէր կազմակերպվելու, և տուժելու էին երեխաները: Իսկ թե ինչի՞ն օգնեց և ինչի՞ն խանգարեց, մեկ այլ հարց է: Իհարկե, ունեցանք շատ բացթողումներ, թերացումներ, բայց ընդհանուր առմամբ հեռավար կրթությունը մեր երկրում կարելի է համարել հաջողված:

Մեր ուսուցիչների գերակշիռ մասն այս ընթացքում շատ լավ աշխատեց, հերոսաբար ձգտեց, սովորեց անհնար թվացողը։ Փառք ու պատիվ բոլորին։ Հրաշալի փոխօգնության, ապրումակցման և ջերմության մթնոլորտ էր ստեղծվել։

Պարզապես խանգարեց կրթության՝ բոլորիս համար ընդունված բնականոն ընթացքը: Վերջիվերջո, դպրոցը հենց այնպես, ինքնանպատակ ստեղծված չէ: Դպրոցը միջավայր է,որտեղ երեխան իրացնում է իր սոցիալական պահանջմունքները, ձեռք է բերում շատ հմտություններ,  ձևավորում է ինքնաիրացման, հասարակության մեջ  սեփական դերի, տեղի գիտակցում։ Իսկ այս դեպքում խախտվեց այս բնականությունը: Ընդհանուր առմամբ դրական եմ համարում հեռավար կրթությունը արտակարգ իրավիճակում, բայց դրանից դուրս միանշանակ դեմ եմ  հանրակրթության հեռավար կազմակերպմանը՝ բացառությամբ որոշ անհրաժեշտ դեպքերի, օրինակ՝ գյուղաբնակ վայրերում առարկայական ուսուցիչների պակասի լրացման անհրաժեշտության։

- «Վերջին   ուսուցիչը»  հեռուստասերիալը  դիտում  էին   գրեթե   բոլորը, գրական  գործը ամենաընթերցվող   գրքերի   տասնյակում   էր,իսկ  թատերական ներկայացումն անցնում  էր լեփ-լեցուն  դահլիճում: Ճի՞շտ  է, որ   նման   գործերը   էկրանավորվում   են,  և  ինչի՞ն եք Դուք  նախապատվություն  տալիս:

-«Վերջին   ուսուցիչը», «Պատվի համար»-ը, «Քաոս»-ը, «Անատոլիական պատմությունը» շատ մեծ դիտելիություն, տարածում և քննարկում ունեցան: Կարծիքս միայն դրական է. հրաշալի է: Ես վերջապես նկատելի է, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը հանրության շահերը, ճաշակը, գեղագիտական ընկալումները զարգացնող հարթակներից մեկն է, կարողանում է դա անել: Միայն ողջունելի է, շատ լավ է: Միայն կուզեի, որ այդ սերիալային, ինտրիգային նրբերանգները ավելի թեթև լինեին, գեղարվեստականության վրա ավելի շատ շեշտը դրվեր, բայց գաղափարը հրաշալի է:

Իսկ ինչ վերաբերում է գրքերին, այո՛, լավագույն  վաճառվող գրքերից էին  և նույնիսկ սերիալներում հնչող գրքերի անունները, օրինակ՝ «Մանոն Լեսկո» գիրքը շատ մեծ վաճառք ունեցավ, ինչը միայն ողջունելի է: Շատ քննարկումներ կազմակերպվեցին դերասանների, արվեստագետների հետ, ես էլ այս հարցին անդրադարձել եմ, արվեստագետի ենք հրավիրել մեր դպրոց, սիրուն ու տաքուկ քննարկում ենք ունեցել, երեխաներն էլ հաճույքով կարդացել են:

-Վերջին ուսուցիչ   չի՞  լինում:

-Կարծում եմ՝ վերջին  ուսուցիչ  չի  լինում: Ուսուցիչը մեզ դպրոցական, պատանեկան տարիներին կրթում է, դաստիարակում է, մեր կողքին է, մեզ ոգևորում է և ամբողջ կյանքում էլ այդպիսին է մնում և իր տված խորհուրդներով, գիտելիքով, նույնիսկ հեղափոխական ուսուցիչների կերպարներով մենք ոգեշնչվում ենք, ձևավորվում ենք, մենք մենք ենք դառնում: Հենց դրա համար էլ վերջին ուսուցիչ չի լինում: Ուղղակի ավարտելուց հետո մի քիչ այլ հարաբերություններ են ստեղծվում, օրինակ՝ աշակերտներս արդեն համալսարաններ են ավարտում, կարողանում ենք շատ լավ ընկերություն անել, հպարտանալ միմյանցով, իրար ոգևորել, բայց որպես ուսուցիչ էլի մնում է ուսուցիչ:

-Գրականության  և  ընթերցանության  պրոպագանդան  շատ  կարևոր  է, գրականությունը ամեն  ինչի  հիմքն  է  և  ոչինչ  չի  փոխարինի  դրան: Իսկ  ի՞նչ   գրքեր  է   խորհուրդ   տալիս ուսուցիչներին   ընթերցել   Արսեն  Վարդանյանը:

-Այո՛, գրականության և ընթերցանության պրոպագանդան շատ կարևոր է, և այս հարցում ես շատ հստակ քաղաքականություն և դիրքորոշում ունեմ: Ես որևէ հարթակ բաց չեմ թողնում, որ այդ հարթակով գրականությունը հանրայնացնեմ  ու ներկայացնեմ: Համավարակի ընթացքում ֆբ-ով ուղիղ եթերում եմ եղել, այժմ Youtube-ի էջս է ակտիվ գործարկվում, որտեղ պարբերաբար տեղադրում եմ և ժամանակակից արձակից ստեղծագործություններ, և դասական գրականությունից ինչ-ինչ նմուշներ: Նպատակը մեկն է՝ գրականության պրոպագանդան: Համագործակցում եմ նաև հրատարակչությունների հետ։ Մի լավ նախաձեռնություն ունենք՝ «Խորհուրդ է տալիս ուսուցիչը»։

Ես հատուկ ինչ-որ գրքեր խորհուրդ չեմ տա կարդալ: Ամեն մեկը պետք է ինքը գտնի իր ոճը, սիրի այն: Ես շատ եմ սիրում ինքնակենսագրական գրքեր, որովհետև դրանցում մարդիկ անկեղծ են: Ինքնակենսագրական գրում են հիմնականում մեծ տարիքում, երբ մարդը, հեռանալով իր մանկությունից, իր պատանեկությունից ավելի անկեղծ է դառնում ինքն իր հետ ու սկսում է շատ ավելի սիրուն ու անկեղծ ներկայացնել ամեն բան: Ես խորհուրդ կտամ կարդալ շատ գրքեր, ոգևորող և ոգեշնչող գրքեր, տարիքին համապատասխան գրքեր և վերջնական ձևավորել քո ընթերցանության ոճը և գրական ճաշակը:

-Ո՞ր   ֆիլմն   է  խոր  ազդեցություն  թողել Ձեր ներաշխարհի վրա:

-Նշեմ, որ շատ եմ դիտել ուսուցիչների մասին ֆիլմեր. «Ես ուսուցիչ եմ», «Փոխարինող ուսուցիչը», «Մեռած  պոետների հասարակություն», որ շատ ոգեշնչող ֆիլմեր են: Ֆիլմեր, որոնք մարդու ներաշխարհը բացահայտելու, մարդուն այլ տեսանկյունից նայելու, գեղեցիկ և լավ բաներ փնտրելու և գտնելու մասին են մարդու մեջ: Եվ որպես ուսուցիչ ինձ շատ են օգնել այդ ֆիլմերը իմ մասնագիտական կարողությունները ավելի  կատարելագործելու հարցում:

-Ո՞ր   թատերական   ներկայացումը   կրկին  կդիտեիք:

-Անկեղծ ասած, թատերական որևէ ներկայացում չկա, որ կուզեի երկրորդ անգամ նայել, միշտ բավականության զգացում ունեցել եմ առաջին դիտումից կամ տհաճության, եթե չեմ հավանել: Եթե երկրորդ անգամ ես դիտում, դու արդեն նոր բաներ չես բացահայտում, գիտես՝ ինչ է լինելու և մի տեսակ սկսում ես ուշադրություն դարձնել դերասանական վարպետությանը և նորովի մատուցմանը: Բայց կան ուրախ ներկայացումներ, օրինակ՝ Կամերային թատրոնում, որ կարելի է էսպես ուղղակի զվարճանքի համար դիտել, բայց այն խորքային ու դրամատիկ, կյանքի այլ երանգներ, կողմեր բացահայտող ներկայացումները սիրում եմ դիտել մեկ անգամ:

-Ո՞րն   է  Ձեր  երազանքի  դպրոցը:

-Իմ երազանքի դպրոցն այն է, որտեղ երեխաները երջանիկ են, որտեղ ուսուցիչները երջանիկ են և ապրում են իրենց աշխատանքով, որտեղ տնօրենությունը ստեղծել է մի այնպիսի մթնոլորտ, որը թեթև է, ազատ, ստեղծագործ, չկան պարտադրանքներ, կա բարձր գիտակցություն ամենի ինչի նկատմամբ, և ամեն ինչ արվում է հաճույքով: Իսկ այդ ամենի հիմքում անկեղծությունն ու սերն է՝ ծնողը դպրոցի նկատմամբ, դպրոցը՝ ծնողի, աշակերտների նկատմամբ և կա անկեղծ սրտացավություն, իսկ մնացած հարցերն արդեն լուծելի կդառնան։

Իմ դասարաններում էլ միշտ ամենակարևորը համարում եմ մթնոլորտ ստեղծելը: Այն դասարանը, որտեղ ուսուցիչը կարողացավ լավ մթնոլորտ ստեղծել, լավ արդյունքներն անխուսափելի են։

 

Նյութը  պատրաստեց  Նարինե  Պետրոսյանը:

Դիտվել է 205424անգամ
Վերջին լուրեր