04 / Օգոստոս / 2020 : 16-52

ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված՝ Դիլիջանի ԲԿ-ն վերադառնում է նախկին աշխատանքային ռեժիմին

Դիլիջանի բժշկական կենտրոնը, որը վերապրոֆիլավորվել էր, և այստեղ կորոնավիրուսով վարակված անձինք էին բուժում ստանում, կրկին վերադառնում է նախկին աշխատանքային ռեժիմին:

«Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված Դիլիջանի բժշկական կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին:

Հպարտությամբ ենք նշում, որ մենք նույնպես մեր փոքր լուման ենք ներդրել այս վարակի դեմ լարված և անձնվեր պայքարում, որ տարվում է ողջ հանրապետությունում և պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները: Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 31-ը Դիլիջանի բժշկական կենտրոնում բուժում է ստացել Covid-19 դրական մոտ 200 բուժառու: Ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել այն անձանց, որոնք ներգրավված են եղել այդ հերոսական աշխատանքում՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետներին, ախտորոշիչ բաժանմունքի աշխատակիցներին, սննդի մատակարարման աշխատողներին, կազմակերպիչներին:

Դիլիջանի բժշկական կենտրոնում բացված Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին:

Այս շաբաթվանից «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների մասնագետների այցերը կվերսկսվեն:

Բոլորին մաղթում ենք առողջություն»,- նշում են բժշկական կենտրոնից:

Դիտվել է 6706անգամ
Վերջին լուրեր