16 / Օգոստոս / 2020 : 13-26

Տիգրանակերտը բացվում է․ Աննա Հակոբյանը ուրախությամբ տեղեկացնում է (լուսանկարներ)
 

Օգոստոսի 17-ից ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոցը կրկին բացելու է իր դռները զբոսաշրջիկների համար։  Այս մասին հայտնել է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը՝ վերստին  հրապարակելով լուսանկարներ Արցախից։  Հիշեցնենք, որ նա մոտ երկու ամիս է արշավ է նախաձեռնել՝  համացանցում՝  ներկայացնելով  հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները։ Նա կրում հայկական դիզայներների հագուստն ու զարդերը։

Աննա Հակոբյանի գրառումը․

 

«Տիգրանակերտ․ կայսերական ուժն ու անտիկ Հայաստանի վեհությունը

Տիգրանակերտը հիմնադրել է Արցախում Հայոց արքա Տիգրան II Մեծը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և, որտեղ մինչ օրս կատարվում են հնագիտական հետազոտություններ: Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, պարիսպների ժայռափոր հիմքերը և կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը:

 

Հետազոտվել են նաև քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը:

Հնագիտական թանգարանում կտեսնեք Տիգրանակերտի վերջին 4 տարվա պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների որոշ մասը` մոտ 200 իր: Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա 5-րդ դարից մինչև մ․թ․ 17-րդ դարերը պատմական ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի յուրահատուկ առարկաներ։

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ օգոստոսի 17-ից ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոցը կրկին բացելու է իր դռները զբոսաշրջիկների համար»։

 

Աննա Հակոբյան

yelaket.am Արցախ

Դիտվել է 47097անգամ
Վերջին լուրեր