Ապրիլի 7-ը՝ Առողջության համաշխարհային օր

Ամեն տարի ապրիլի 7-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Առողջության համաշխարհային օր: 2020 թվականի Առողջության համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Բարձր գնահատենք և աջակցենք բուժքույրերի և մանկաբարձների ջանքերը»:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի բուժքույրերը և առողջապահության ոլորտի այլ աշխատողները գտնվում են «Կովիդ 19»-ի դեմ պայքարի առաջնագծում: Նրանք մատուցում են խնամքի և բուժման բարձրորակ ծառայություններ, զբաղվում են սոցիալական երկխոսությամբ` մտահոգությունների փարատման և հարցերի կարգավորման համար, տեղեկություններ են հավաքում կլինիկական հետազոտությունների վերաբերյալ և այլն: Ակնհայտ է, որ առանց բուժքույրերի հնարավոր չի լինի հաղթահարել այս հիվանդությունը։
Նշենք, որ օրվա ընտրությունը պայմանավորված է 1948 թ-ի ապրիլի 7-ին Առողջապահական համաշխարհային կազմակերպության ստեղծման հետ: Նյու -Յորքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակվեց Առողջապահության միջազգային կոնֆերանսի առաջին կանոնադրությունը: Նույն տարվա հունիսին Ժնևում անցկացվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդրանիկ վեհաժողովը՝ աշխարհի ավելի քան վաթսուն մեկ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ տարվանից ի վեր այս օրն ամեն տարի տարբեր երկրներում նշվում է՝ որպես «Առողջության համաշխարհային օր»: Նշենք, որ օրվա շրջանակներում ամեն տարի անցկացվում են մի շարք միջոցառումներ, որի նպատակն է մեկ անգամ ևս բարձրաձայնել, թե ի՞նչ մեծ տեղ ունի առողջությունը բոլորիս կյանքում։
Տեղեկացնենք, որ Հայաստանն ԱՀԿ անդամ է դարձել 1992 թվականին, իսկ ԱՀԿ հայաստանյան գրասենյակը (ԱՀԿ ՀԳ) հիմնադրվել է 1994 թվականին: Այն աջակցում է առողջական խնդիրների և կարիքների ուսումնասիրության, քաղաքականությունների և ռազմավարությունների մշակման և իրականացման, ծրագրերի պլանավորման, իրականացման ու գնահատման հարցում և համակարգում է ԱՀԿ եվրոպական ու կենտրոնական գրասենյակների համապատասխան բաժինների հետ համագործակցությունը:

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ: