Գերմանիայից Օմսկ ժամանած ինքնաթիռն Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել է Բեռլին

Գերմանիայից Օմսկ ժամանած հատուկ օդանավն առավոտյան մեկնել է Բեռլին՝ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին տեղափոխելով գերմանական կլինիկաներից մեկը: Այդ մասին հայտնել է Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը:
«Ալեքսեյին տեղափոխող օդանավը մեկնել է Բեռլին: Մեծ շնորհակալություն բոլորին իրենց աջակցության համար: Ալեքսեյի կյանքի և առողջության համար պայքարը նոր է սկսվում, և դեռ անցնելու շատ բան կա, բայց այժմ գոնե առաջին քայլն արվել է», - գրել է Յարմիշը Twitter-ում:
Օդանավն Օմսկ քաղաքի օդանավակայանից մեկնել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Դրանից երկու ժամ առաջ Յարմիշը հայտնել էր, որ Նավալնիին շտապօգնության մեքենայով տեղափոխել են օդանավակայան:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր yelaket.am-ը, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, երեկ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով թույլ տալ իր ամուսնու տեղափոխությունը Գերմանիայի կլինիկաներից մեկը:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:
Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով:
Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։