02 / Սեպտեմբեր / 2020 : 14-52

  «Այս ընտրության համար, մենք ազգովի վճարել ու շարունակում ենք վճարել անչափ թանկ գին»․ Ջալալ Հարությունյան

 ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ


«Սիրելի հայրենակիցներ, հարգելի ազատամարտիկներ և Պաշտպանության բանակի  զինծառայողներ.

  1991 թվականի սեպտեմբերի 2-ին ծնվեց Արցախի հանրապետությունը:

      Մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս  փաստն ու իրողությունը, չնայած իրավական առումով լիովին համապատասխանում էր փլուզվող Խորհրդային Միության օրենսդրական պահանջներին ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, առայսօր մնում է անտեսված միջազգային հանրության կողմից:       

       Այս ընտրության համար, մենք ազգովի վճարել ու շարունակում ենք վճարել անչափ թանկ գին, որը մեզ ավելի է պարտավորեցնում ջանք ու եռանդ չխնայել այն լուսավոր երազանքների իրականացման համար, հանուն որոնց մենք կորցրել ենք մեր լավագույն ընկերներին:

      Գլուխ եմ խոնարհում հայրենիքի համար նահատակված և անհետ կորած ազատամարտիկների հիշատակի առջև, իսկ նրանց հարազատներին ու մարտական ընկերներին ուզում եմ հավաստիացնել, որ ՊԲ-ը երբեք նահանջ չի կատարելու այն իրական ու հոգևոր բարձունքներից, որոնք նվաճվել են մեր ազգի նվիրյալների կյանքի և արյան գնով:

      Հավերժ փառք մեր հերոսներին:

     ՊԲ հրամանատարության և անձամբ իմ անունից, ի սրտե շնորհավորում եմ Արցախի հանրապետության օրվա կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Պաշտպանության բանակը այսօր առավել քան երբևէ, ամուր է կանգնած մեր պետականության, լուսավոր գալիքի և հայ ժողովրդի հավաքական արժանապատվության պաշտպանության դիրքերում և այսուհետ ևս, մենք՝ զինվորականներս ամեն ինչ անելու ենք, հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու իրավունքը ամեն գնով պաշտպանելու համար»:

Դիտվել է 90419անգամ
Վերջին լուրեր