Մահացավ ավելի շատ մարդ, քան՝ «Տիտանիկի» դեպքում. Շոյգուն խոսել է «Армения» շոգենավի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար և Ռուսական աշխարհագրական ընկերության (ՌԱԸ) նախագահ Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ նախատեսվում է այս տարի արդեն երկրորդ էքսպեդիցիան կատարել Ղրիմի ափ, որտեղ Երկրորդ աշխարհամարտի մեկնարկին գերմանական ավիացիան խորտակեց «Армения» շոգենավը, ինչի արդյունքում մի քանի հազար ուղևոր զոհվեց,- հայտնում է,- ՌԻԱ Նովոստին։
«1941 թվականին գերմանացիները խորտակեցին այդ լողացող հոսպիտալը, որը փորձում էր Ղրիմից դուրս բերել խաղաղ բնակչությանն ու վիրավոր զինվորներին: Սա մարդկության պատմության ընթացքում խոշորագույն ծովային աղետներից մեկն է: Դրա արդյունքում մահացավ անհամեմատ ավելի շատ մարդ, քան՝ «Տիտանիկի» խորտակման դեպքում»,-ասել է նա:
Շոյգուն հայտնել է, որ նավը գտնվում է 1,5 հազար մետր խորության վրա, հիմա ցանկանում են ուսումնասիրել այն ու փաստավավերագրական ֆիլմ նկարահանել:
«Զոհվածների թվի վերաբերյալ տվյալները շատ տարբեր են` 4.5 հազարից մինչև 10 հազար։ Այդ պատճառով առիթից օգտվելով` դիմում եմ նրանց, ովքեր այս կամ այն կերպ տեղյակ են, որ իրենց հարազատները մահացել են «Արմենիայի» խորտակման ժամանակ։ Եթե ընտանեկան արխիվներում ինչ–որ տեղեկություն կա, ուղարկեք մեզ փաստաթղթերը, հասցեներն ու անունները», – ասել է Շոյգուն։
Պատրաստեց yelaket.am-ը
