05 / Սեպտեմբեր / 2020 : 12-19

Կիրթ մարդը պետք  է լինի համեստ. Սերոբ Խաչատրյան

Ելակետ  լրատվականի/ Yelaket.am-ի  զրուցակիցն  է  կրթության  փորձագետ  Սերոբ Խաչատրյանը, որը մեզ  հետ  զրույցում  կիսեց  իր  խոհերը  կրթության առաջնային  նպատակի, չափորոշչի սահմանման, արդիական մասնագիտության և մեր հասարակության ամենամեծ խնդրի մասին:

-Ո՞րն   է  կրթության  առաջնային  նպատակը:

-Կրթությունն ունի  3  հիմնական  նպատակ՝

1. Գիտելիքի, հմտությունների, արժեքների փոխանցում,

2. Անհատի ձևավորում,

3. Մարդու ինտեգրում հասարակական կյանքին:

-Կրթությունն  ավելի  շատ  պահպանողակա՞ն  ոլորտ  է,  թե՞  առաջադիմական:

-Երկուսն էլ։ Որոշ հարցերում կրթությունը պիտի լինի պահպանողական։ Կրթության միջոցով պիտի կարողանանք պահպանել լավագույնն ու արժեքավորը։ Բայց քանի որ կրթությունը երեխաների համար է, ապա կարևոր է նաև առաջ նայելը։ Լավագույն կրթությունը  միշտ  փորձում  է  հավասարակշռել պահպանողականն  ու  առաջադիմականը։

-Ինչպե՞ս  կբնորոշեք  արհեստական  ինտելեկտը:

-Արհեստական ինտելեկտը փորձում է կատարել մեր որոշ գործառույթներ։ Դա լավ է, եթե կարողանանք զարգացնել այն ամենը, ինչը չի կարող անել արհեստական ինտելեկտը։

-Ինչի՞ն  պետք  է  միտված  լինի  չափորոշիչը:

-Չափորոշիչը սահմանում է կրթության վերջնարդյունքները, սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը։ Չափորոշիչը ուղեցույց է, քարտեզ, որը ցույց է տալիս մեր նպատակակետերը։

-Ո՞րն  է  կրթական  համակարգի  ամենակարծրացած  մոտեցումը:

-Համեստության պակասը։ Կիրթ մարդը պետք  է լինի համեստ, բաց լինի փոփոխությունների, նոր գաղափարների համար։

-Մեթոդներն  ու  հնարներն  այժմ  արդիակա՞ն  են:

-Այսօր արդիական պիտի լինեն այն մեթոդները, որոնք զարգացնում են մտածողությունը և հաղորդակցությունը։

-Ո՞ր  մասնագիտությունն  է  այժմ  իրապես  ակտուալ:

-Իմ կարծիքով՝ ուսուցչի։ Եթե լավ ուսուցիչներ չունենանք, մյուս մասնագիտություններն էլ կտուժեն։

-Աշխատանքի   ընդունվելիս  գործատուն   մասնագիտական  և  անձնային  ինչպիսի՞ որակներ  պետք   է   արժևորի:

-Երկուսն էլ կարևոր են։ Անձնային որակներից կարևոր է հատկապես ազնվությունը։ Եթե մարդը ազնիվ չէ, ապա նրա մասնագիտական որակները զրոյանում են։ Անձնային որակներից կարևոր են նաև սովորելու պատրաստակամությունը, հաղորդակցվելը։ Մասնագիտական  որակներից  կարևոր  է  մտածողությունը։

-Ո՞րն  է  մեր  հասարակության  ամենամեծ  խնդիրը:

-Մեր հասարակության ամենամեծ խնդիրը կրթող առաջնորդների պակասն է։ Մեզ պետք են հետաքրքիր ղեկավարներ, որոնցից կարելի է անվերջ սովորել։

-Ո՞վ  է  աշխարհի  լավագույն  ուսուցիչը...

-Ամեն  մեկս  մեր լավագույն ուսուցիչն ենք։ Մարդը  պետք  է  դառնա ինքն իր ուսուցիչը։

Նյութը  պատրաստեց  Նարինե  Պետրոսյանը:

Դիտվել է 199743անգամ
Վերջին լուրեր