Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Սեպտեմբեր / 2020 : 12-51

Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել․ նոր մանրամասներ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։ Պացիենտների մոտ նկատվել են նյարդաբանական ախտանշաններ (սրտխառնոց, գիտակցության մթագնում, գլխապտույտ), կոմատոզ վիճակ, պացիենտներից 3-ի մոտ ի հայտ է եկել կուրություն։ Այս բոլոր նախանշանները բնորոշ են մեթանոլով թունավորմանը: 

Նրանցից միայն 1-ի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, իսկ մնացածը շարունակում են մնալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։

Կապված վերջին օրերին հանրապետությունում արձանագրված ալկոհոլային թունավորման դեպքերի հետ, որի պատճառ է հանդիսացել ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչքի օգտագործումը, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ արտադրության, անհայտ ծագման, «տնական», խանութից գնված առանց մակնշման, դեղատնից գնված սպիրտի օգտագործումից:

Հիշեցում

 Էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, գլխացավ և գլխապտույտ, նիստագմ, դիպլոպիա, թույլ համակենտրոնացում, անհավասարակշռություն, քնկոտություն, ատաքսիա, կոմա, ցնցումներ, շնչառության խանգարում, ճնշման իջեցում, սրտի դանդաղ աշխատանք, մարմնի ջերմաստիճանի իջեցում, հիպոգլիկեմիա:

Մեթիլ սպիրտի պարագայում, կախված թունավոր նյութերի քանակությունից, թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են՝ գլխապտույտ և գլխացավ, սրտխառնոց և փսխում, մկանային, հոդերի և որովայնի ցավ, գիտակցության մթագնում, քնկոտություն, լուսավախություն, սպեցիֆիկ ազդեցություն տեսողության վրա՝ ընդհուպ մինչև կուրություն, արյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացում, իսկ մեզի մեջ սպիտակուցների և  հիալինային գլանների հայտնաբերում։

Վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ։

Դիտվել է 20202անգամ
Վերջին լուրեր