Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Սեպտեմբեր / 2020 : 13-45

Բանաստեղծը սիրելու համար է, բանաստեղծը սիրվելու համար չէ. Հուսիկ  Արա

Ելակետ  լրատվականի/Yelaket.am-ի  զրուցակիցն  է  հայ  բանաստեղծ  Հուսիկ  Արան,  որը  կիսեց  մեզ հետ իր խոհերը կարոտի, բանաստեղծի առաքելության, չընթերցելու և սիրո խոհափիլիսոփայության  մասին:

-Ո՞րն  է  բանաստեղծի առաքելությունը:

-Բանաստեղծի առաքելությունը սիրել կարողանալն է, սիրել աշխարհի ամեն երևույթը, սիրել մարդուն իր բոլոր դրսևորումներով, սիրել ճշմարիտ, ասել ճշմարտությունը: Սերը ճշմարտությունն ասելն է, որն էլ գեղեցիկն է: Ճշմարտությունը միակն է, որի տգեղ ասվածը գեղեցիկ է: Այդ հայացքն է պայմանավորում բանաստեղծությունը: Սկզբում սերն է, վերջում է գիրը: Ընդամենը դիմացինին սիրելու ուժ ունենալն է, այս դեպքում` ամեն մեկը: Սա բանաստեղծի տեսլականն է: Այդ լույսի մեջ մարդը չի ունենա ցավեցնող դրսևորումներ, աշխարհում չեն լինի ցավը շատացնող երևույթներ: Բանաստեղծն այլևս անելիք չի ունենա: Բանաստեղծը առավել է բանաստեղծությունից, քանի դեռ բանաստեղծությունը աշխարհը չի բանաստեղծացրել, չի դարձրել սեր: Բանաստեղծը սերն իր մեջ կրողն է, պարտադիր չի, որ բանաստեղծություն գրի, և բանաստեղծ չէ իր մեջ սեր չկրող բանաստեղծություն գրողը:

Բանաստեղծը սիրելու համար է, բանաստեղծը սիրվելու համար չէ: Բնությունը սիրում է մեզ, մենք ենք նվաճում, ավերում բնությունը` քամելով մարմինն ու հոգին գրպանի համար: Մարդը սիրում է մարդուն, քաղաքականությունն ու իշխանությունն են սպանում գեղեցիկը: Բանաստեղծի տարանունը իշխանավորն է ու մեծահարուստը, քանի դեռ կան նրանք` բանաստեղծի առաքելությունը չի ավարտվի, որովհետև սերը չի ամբողջանա աշխարհում: Բանաստեղծն այլմոլորակային է, իսկ այսմոլորակայինը բանաստեղծ չէ: Աշխարհի մեծագույն բանաստեղծը Քրիստոսն է:  

-Ինչի՞  մասին  է վկայում  ընդհանրապես  գիրք  չընթերցելը:

-Ընթերցողը նույնպես բանաստեղծ է, իր մեջ սեր կրողը, մարդուն ու աշխարհը սիրել կարողացողը: Որքան սիրող` այնքան ընթերցող: Ընթերցող չէ իշխանություն ունեցողը, ընթերցող չէ ընչաքաղց հարստացողը: Գիրքը ձեռքը կառնի որպես խաբեություն ու կեղծիք`հավատարիմ մնալով այդ նվաստներին` իր էությանը: Չեմ հավատում, որովհետև չի կարող, նայելով չի տեսնի իշխանավորը, մեծահարուստը:  

- «Եվ սերը ասաց» բանաստեղծությունը սիրո յուրահատուկ խոհափիլիսոփայություն ունի:

Այնուամենայնիվ, ի՞նչ  է  պատգամում  սերը  աշխարհին:

-Աշխարհը բաժանված չէ սիրողների և չսիրողների միջև, աշխարհում բոլորն են սիրում: Մեկը սիրուց սպանում է` հանուն չգիտեմ ինչի, մյուսը սիրում է` կյանք տալով. այստեղ գիտենք, թե հանուն ինչի: Բայց երկու դեպքում էլ սերն է ստիպում: Ինչո՞ւ չենք կարծում, որ Հուդան հանուն սիրո մատնեց, գուցե իր հայրենիքի՞ նկատմամբ սերն էր, որ ասել էին, թե Փրկիչը վտանգավոր է, գուցե իր ազգի կրոնի՞ նկատմաբ սերն էր` այն խարխլված չտեսնելու համար: Ուզում եք անունը դրեք արծաթասիրություն: Բոլոր դեպքերում սերն էր, սերն այդպիսին էլ է լինում:

Իսկ «Եվ սերը ասաց»  բանաստեղծությունը աշխարհի արարումն է` նորից և սիրով արարենք աշխարհը, ամեն մարդ` իր մեջ: Եթե մարդը սիրո միջով է նայում աշխարհին, որքան չքնաղ է դառնում երկինք ու երկիր: Այդուհանդերձ, իմ նախընտրածը «Դու աշխարհի լույսն ես» բանաստեղծությունն է:  

-Ի՞նչ  է կարոտը:

-Կարոտը մարդու էությունն է, աշխարհի մակընթացությունն իր մեջ և նույն աշխարհի տեղատվությունն իրենից դուրս: Կարոտը արժևորված կյանքն է մարդու մեջ, կյանքի գեղեցկությունը, և մարդու կյանքը պարբերաբար վերադարձ է ապրեցնող այդ արժեքներին: Եթե հասնում է, տիեզերքը լիարժեք է ու կատարյալ, եթե ոչ, մարդու կյանքը դժոխք է: Կարոտը և' դրախտ է, և' դժոխք, նայած, թե որն է վիճակված մարդուն: Կարոտը սերն է, կարոտը մարդն է, և մարդը սեր է ու կարոտ: Անասունը կարող է սիրել, բայց, չգիտեմ, կարոտել կարո՞ղ է, եթե հիշողություն ունի, բայց կարոտը միայն հիշողություն չէ:

-Եթե  կախարդական  փայտիկը  Ձեզ  տային, էլի՞  աշխարհը  չէիք  փոխի:

-Եթե խոսքը այն էակի մասին է, որով պայմանավորված է աշխարհը, երբեք չէի փոխի:

-Թե կախարդական փայտիկը տային ինձ,
ես աշխարհը չէի փոխի.
բավական ես դու
կյանքը անթերի տեսնելու համար:   

-Ժամանակակից   գրողների  ո՞ր  գործերը պետք  է  ներառել աշակերտների  դպրոցական ընթերցանության  պարտադիր  ցանկում:

-Ժամանակակից գրողը արտացոլում է իր ժամանակի աշխարհը ներսից ու դրսից, կյանքը իր լույս ու մութ դրսևորումներով: Ժամանակի մտածողությունն է ներկայացնում իր ըմբռնմամբ, գեղարվեստորեն մատուցելով, եթե անգամ անդրադառնում է պատմական հեռավոր իրադարձություններին: Այդպես է եղել բոլոր ժամանակներում բոլոր լեզուներով: Դպրոցականը դասական գրականությունն ընկալելով` իր ժամանակի մտածողությանը չպետք է անտեղյակ մնա: Մենք չպետք է խուսափենք թեմաների սրությունից  կամ հեղինակի յուրովի ու ինքնատիպ մեկնություններով մատուցումից:

Մեր դասագրքերը լցված են թեմաների սուր ու յուրովի հեղինակային մեկնություններով: Դրանք ընտիր գործեր են, բայց մեր ժամանակի գրականության մեջ էլ կան ընտիր գործեր` թեկուզ սուր ու փշոտ թեմաներով: Իսկ ո՞րն է ընտիրը, հենց այստեղ է չհասկացվածությունը, հակադրությունը: Դասագիրք ընդգրկված դասական գրականության նմուշները, եթե անծանոթ լինեին ներկա ընթերցողին, մեծ մասով մերժելու էին հենց թեմաների սրության պատճառով:

Դասագրքերում գրեթե բացակայում է ազատ բանաստեղծությունը, որն այսօրվա, երեկվա աշխարհի բանաստեղծական դրսևորումն է: Իսկ մեր բանաստեղծությունը ի սկզբանե ազատ էր և է`սկսած «Գողթան երգերից», Նարեկացու «Մատյանը»... Հասուն մարդը դժվար է հաշտվում ազատ բանաստեղծության հետ, որովհետև դպրոցում նրա բանաստեղծական ըմբռնումը կայունացել է հանգուվանկով գրված բանաստեղծությամբ. ասել են` սա է բանաստեղծությունը: Իսկ չափանիշը գեղարվեստական արժեքն է, նոր ու նորովի արժեքը աշխարհի ռիթմի մեջ, ոչ թե հնի ծամծմոցը: Հինը ընտիր է, հարկ չկա ծամծմելով հարամել: Իսկ արժեքը միշտ էլ վիճելի է իր ստեղծված ժամանակի մեջ:

-Ի՞նչ  են  տալիս  գրողին  տարատեսակ  կոչումներն  ու  պարգևները:

-Կոչումներն ու պարգևները լուսավոր երևույթներ են` արժանին արժանավորին: Ալեքսանդրի Մեծ-ը կոչում է` տիտղոս, Հեմեսի Եռամեծ-ը կոչում է, Դավթի Անհաղթ-ը կոչում է: Եթե Օլիմպոսի աստվածները Թետիսին պարգև չուղարկեին Պելևսին, Աքիլլեսը չէր ծնվի:

-Ո՞ր  իրողության  հետ  ընդհանրապես  չեք  հաշտվի:

-Մարդու ձեռքով մարդուն սպանելու հետ: Մարդը չի հասկանում, թե բնությունը քանի միլիոն տարի է տքնել մարդու արյան գույնը, բաղադրությունը ստանալու համար: Քանի միլիարդ տարի է ստեղծագործել` որպեսզի մարդուն այս տեսքով ստանա, փորձարկել այնքան, մինչև հմտանա և միշտ ճշգրտորեն կրկնի: Իսկ մարդը հեշտությամբ, հընթացս սպանում է մարդուն և անհաղորդ անցնում, երբեմն անմիտ ու աննպատակ սպանում, առանց հասկանալու: Պատերազմի հետ է, որ չեմ կարող հաշտվել, և այն ամենի, որ մարդկային կյանք արժի: Իսկ մնացածը շտկվող են, անդառնալի չեն, քանի որ ուղղակորեն մարդկային կյանք չեն խլում:

-Ո՞րն  է  Ձեր  ամենամեծ  թուլությունը:

-Մարդուն ուժեղ դարձնողը իր իսկ թուլությունն է. իմ թուլությունը սերն է: Սերը խարան է, քանի որ սիրո համար պատժում են: Սիրող մարդը պատժված մարդն է: Սիրում ես կյանքն ու աշխարհը, բայց նույն սերը քեզ չի անդրադառնում: Սիրում ես մարդուն, երբեմն քեզնից առավել, բայց պատառ-պատառ է անում ո'չ միայն սիրտդ: Հասկանում ես, որ սխալվել ես, բայդ չես կարող չսիրողների ուղղաձիգ ճանապարհով գնալ, դու սիրո զիգզագներում խոտորվողն ես: Հանուն սիրո, սիրով, բայց ոչ սիրվելով կործանվողը: Ու չես կարող չսիրել, որովհետև հասկացել ես, որ գեղեցիկի բոլոր նրբերանգները սիրո մեջ են: Եթե չլինեին սիրողները և նրանց սրտի բաբախը, երկիրի պտույտը կանգ կառներ:  

-Ի՞նչն  է  հաղթանակների  հաղթանակը:

 -Աշխարհը վերադարձնել իր նախաստեղծ վիճակին, որին երբեք մարդը չի հասնի: Հաղթելով մարդը պարտված է, մեր կյանքը պարտություն է` ի հեճուկս ամենօրյա հաղթանակի:

 

Նյութը  պատրաստեց  Նարինե  Պետրոսյանը:

Դիտվել է 77317անգամ
Վերջին լուրեր