Ոչ թե աշխարհազորին մտցնելու ենք զորքերի մեջ, այլ դա առանձին զորամաս է լինելու. Սամվել Բաբայան
Հայաստանի ռազմավարական նոր հայեցակարգի մշակմանը մասնակցել են այն ժամանակվա իշխանությունները. Մինչև մեզ դա համաձայնեցված է եղել Արցախի իշխանությունների հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Աժ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
«Բոլորն էլ ստորագրել են, անվտանգության խորհրդի քարտուղարը, մյուսները, այդ բոլոր արձանագրությունները կան: Մենք ընդամենը ողջունել ենք, և այն,ինչը Արցախին է վերաբերում, մենք կզբաղվենք և կներկայացնենք լայն քննարկման: Մենք դեռ դրանով չենք զբաղվում»,-ասաց Սամվել Բաբայանը:
Անդրադառնալով աշխարհազորի ստեղծման խնդրին, նա ասաց. «Մեզ մոտ երեքշաբթի անվտանգության խորհրդի նիստ է լինելու առաջին անգամ և քննարկվելու է աշխարհազորի հարցը, թե ոնց ենք մենք դա պատկերացնում, ոնց է լինելու մեզ մոտ: Մեր տեսակետն այն է, որ ոչ թե աշխարհազորին մտցնելու ենք զորքերի մեջ, այլ դա առանձին զորամաս է լինելու»:
Հարցին, թե արդյոք քննարկվում է, որ աշխարհազորում հնարավորություն ունենան ընդգրկվել սփյուռքահայերը, Սամվել Բաբայանը նախ ասաց, որ անվտանգությունից ելնելով չի կարող այդ հարցին պատասխանել, ապա հավելեց. «Ինձ չի թվում, որ սփյուռքահայերը կարողանալու են գոնե առաջին ամիսներին օգնության գալ, տարբեր պատճառներով: Ռազմավարական ծրագիր է մշակվում, որ մենք ամբողջովին լինենք վստահ, որևէ խնդիր չունենանք, Ադրբեջանն էլ սսկվի, տեղը վեր ընկնի: Կա մի ասացվածք՝ եղունգ ունես, գլուխդ քորի: Հույսներդ մի դրեք ոչ մեկի վրա, ինքներդ ձեր վրա դրեք»: