14 / Սեպտեմբեր / 2020 : 20-27

Խաղողի օգտակար հատկությունները և հակացուցումները

 

Խաղողի առողջարար հատկությունների մասին հայտնի է եղել դեռևս շատ վաղուց: Ըստ Աստվածաշնչի ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին աճեցված առաջին բույսը եղել է հենց խաղողը: Իսկ Հին հույներն ու հռոմեացիները դեռևս մեր թվարկությունից առաջ կիրառում էին խաղողաբուժությունը՝ որպես ուժերի վերականգնման և օրգանիզմում նյութափոխանակության կարգավորման միջոց: Այն նաև լավ միջոց էր համարվում անգինայի, բերանի խոռոչի խոցի և այլ հիվանդությունների բուժման համար:

Իսկ խաղողի հյութը միշտ համարվել է թուլացնող, ընդհանուր ամրապնդող, խորխաբեր և միզամուղ միջոց: Մասնավորապես, չհասունացած խաղողի հյութը շատ լավ միջոց է մարմնի ջերմաստիճանի իջեցման, ինչպես նաև՝ կոկորդի ողողումներ անելու համար:

Այս յուրօրինակ հատապտուղը պարունակում է մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ և հանքային աղեր (ցինկ, կալցի, երկաթ, պղինձ և այլն): Շնորհիվ կալիումի մեծ պարունակության՝ խաղողը հատկապես օգտակար է համարվում սրտային հիվանդների համար: Այն կարգավորում է սրտի բաբախումների ռիթմը, կանխում է շնչահեղձությունը, իջեցնում է բարձրացած արյան ճնշումը:

 

Խաղողը խորհուրդ է տրվում սակավարյունությամբ տառապող մարդկանց, քանի որ նպաստում է էրիտրոցիտների քանակի աճին, հեմոգլոբինի բարձրացմանը և այլն:
Խաղողի չորացրած տերևներն օգտագործվում են բուժական նպատակներով: 1 ճաշի գդալ խաղողի չորացրած և մանրացրած տերևները լցրեք 1 բաժակ եռացրած ջրի մեջ և թողեք մոտ 20 րոպե: Ստացված լուծույթը օրական 2-3 անգամ 1/2 բաժակի չափով խմելը շատ օգտակար միջոց է անգինայի, ֆարինգիտի, լարինգիտի ժամանակ:

Այնուամենայնիվ, խաղողի հիմնական հարստությունը նրանում պարունակվող գլյուկոզան և ֆրուկտոզան են: Խաղողի հատիկների մեջ պարունակվող շաքարը էապես չի փոփոխվում մարսողության ժամանակ և անմիջապես ներծծվում է արյան մեջ, ինչը բարերար ազդեցություն է ունենում մկանային տոնուսի վրա՝ ուժեղացնելով սրտամկանի կծկումներն ու արագացնելով օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչպես նաև՝ լայնացնելով արյունատար անոթները:
1 բաժակ խաղողահյութում պարունակվող B վիտամինի պաշարը բավարար է ողջ օրվա նորման լրացնելու համար, ինչն էլ ձեզ կօգնի ոչ միայն խուսափել դեպրեսիաներից ու բազմաթիվ սթրեսներից, այլև թույլ կտա իսպառ մոռանալ ատելի թարախաբշտիկների ու թեփի մասին, ձեր մազերին կհաղորդի առողջ փայլ, իսկ եղունգներին՝ ամրություն:

Չնայած խաղողի կալորիականությանը (100 գր-ում պարունակվում է 65-85 կկալ)՝ այն հանդիսանում է բազմաթիվ դիետաների հիմնական բաղադրիչը, քանի որ օրգանիզմից արտամղում է վնասակար արգասիքները և օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Հիշեք, որ խաղողի համար վատ դաշնակիցներ են կաթնամթերքները, ճարպերով և աղով հարուստ սնունդը, չորացրած մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև՝ ոգելից խմիչքները և գազով ըմպելիքները: Դրանց համադրությունը ստամոքսում կարող է իսկական հեղափոխություն առաջացնել:

Բացի այդ, խաղողի մեջ պարունակվող շաքարն ու թթուները, ընկնելով կարիեսով վարակված ատամների վրա, առաջ են բերում սուր ցավ և արագացնում են դրանց փչացման պրոցեսը: Այդ պատճառով ատամնաբույժները խորհուրդ են տալիս խաղող ուտելուց հետո անպայման ողողել բերանը:

Եվ չնայած բոլոր օգտակար հատկություններին՝ կան որոշ հիվանդություններ, որոնց դեպքում խորհուրդ է տրվում խուսափել խաղող շատ օգտագործելուց: Այդպիսիք են դիաբետը, ստամոքսի խոցը, քրոնիկ կոլիտները և այլն:

Դիտվել է 38314անգամ
Վերջին լուրեր