Պետությունն է հոգացել Գագիկ Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը․ փոխնախարար
Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը կատարել է հետեւյալ գրառումը․
Այսօր դիտում էի մի տեսահոլովակ, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր թե կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության ծախսերը շատ մեծ բեռ են հանդիսանում մեր քաղաքացիների համար:
Առանձնահատուկ ցանկանում եմ նշել, որ վերոնշյալ անձի կողմից հնչեցված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում եվ գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո: Արտահիվանդանոցային բժշկական օգնությունը եվս գտնվում է պետական ֆինանսավորման ներքո, երբ իրականացվում է նեղ մասնագետների կողմից մշակված ուղեցույցի շրջանակներում: Միայն տնային պայմաններում բուժում իրականացնելու գործընթացն ապահովելու համար պետությունը գնել է 112 մլն դրամ ընդհանուր արժեքով դեղամիջոցներ եվ տրամադրել արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններին(պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ):
Զարմանալի է այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը հենց ինքը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, որի շրջանակներում ստացել է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն, որի համար չի իրականացրել որեվէ վճարում, քանի որ որպես կորոնավիրուսային հիվանդություն ունեցող ՀՀ քաղաքացի գտնվել է պետական հոգացության ներքո եվ համապատասխան կենտրոնին ըստ ներկայացված հայտի վճարել է պետությունը՝ հոգալով Գագիկ Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը: