Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Սեպտեմբեր / 2020 : 20-29

Արսեն Թորոսյանը հաստատել է 5-12-րդ դասարաններում կիրառվող սանիտարական կանոնները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել և հաստատել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ) ԾՐԱԳՐԵՐ
ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-004-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:
2. Սույն Կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Հաստատություն) համար:

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

3. Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Հաստատության ղեկավարը:
4. Հաստատության ղեկավարի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝
1) Հաստատության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,
2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի և սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի և Ձև 3-ի,
3) սույն հավելվածի Ձև 4-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,
4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացման նպատակով:
5. Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել ՝
1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցների առկայությունը,
2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ),
3) թափոնների հեռացման համար փակվող Օգտագործված դիմակներ մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,
4) հեռահար ջերմաչափով։
6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել
«հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։
7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված բժշկական և անձը հաստատող փաստաթուղթը։
8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝
1) 65 և բարձր տարիքի անձինք,
2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,
3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,
4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

9. Հաստատությունում յուրաքանչյուր դասարանի սովորողների առավելագույն թիվը չի գերազանցում 20-ը։

10. Հաստատությունում չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ՝ (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ)։
11. Հաստատությունում ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները, բացառությամբ մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հեռավար եղանակով կազմակերպվող խմբակների:
12. Հաստատությունում ժողովների և հավաքների գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում՝ բացօթյա, կամ այլ տարածքներում՝ ապահովելով 1,5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը։
13. Հաստատության մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում, միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են փակվող Օգտագործված դիմակներ մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարմամբ աղբամաններ՝ օգտագործված դիմակների և անհատական պաշտպանության այլ պարագաների համար:
14. Հաստատության մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:
15. Հաստատությունում սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ. լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների:
16. Հաստատությունում նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող

սովորողները և աշխատողները, այդ մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն և ծնողին։
17. Հաստատության մուտքի մոտ սահմանվում է հսկողություն, կուտակումները բացառելու նպատակով։ Հաստատություն մտնելիս և օրվա ընթացքում կազմակերպվում է սովորողների և աշխատողների ջերմաչափում, 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են «Սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում» Ձև 2 և «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում Ձև 3:
18. Հաստատությունում, առնվազն 14 օրվա ընթացքում աշխատողների, սովորողների, ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում առաջարկություն է ներկայացվում լիազոր մարմիններին Հաստատության «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:
19. Հաստատության դասերի անցկացումը իրականացվում է կոնկրետ դասարաններում՝ բացառելով սովորողի տեղաշարժը։
20. Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։

4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

21. Յուրաքանչյուր օր, մինչ դասերի սկիզբը Հաստատության մակերեսները՝ այդ թվում դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ՝ (էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն) ախտահանվում են 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից

մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը։
22. Եթե ուսումնական գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա ախտահանում իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ՝ ախտահանումն իրականացնելու համար։

23. Հաստատությունն ապահովում է պատշաճ բնական օդափոխություն առնվազն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:
24. Հաստատությունն ապահովում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, իսկ անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։
25. Oգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին:
26. Մակերեսների ախտահանման աշխատանքները գրանցվում են ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:
27. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ՝
1) ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,
2) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,
3) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից

մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը․
4) յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,
5) պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ,
6) ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:
7) սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով։

5. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

28. Սովորողը չի հաճախում Հաստատություն, եթե սովորողին հրահանգվել է ինքնամեկուսանալ, կամ մեկուսանալ, համաձայն առողջության առաջնային պահպանման կենտրոնի կողմից ներկայացված տեղեկանքի։
29. Սովորողը չի հաճախում Հաստատություն, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝
1) սովորողն ունի կորոնավիրուսյին հիվանդության (COVID-19) ռիսկի խմբի հիվանդություններից և/կամ վիճակներից որևէ մեկը՝ համաձայն Առողջապահության Նախարարության կողմից ներկայացված ցանկի,

2) սովորողի տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշաններով կասկածելի կամ հաստատված դեպք,

3) սովորողի տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբում գտնվող ընտանիքի անդամ և առկա է համապատասխան տեղեկանք բժշկական հաստատություն կողմից՝
ա.Նորագոյացություններ,
բ. Արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, սակավարյություն, արյան մակարդման համակարգի խանգարումներ, իմուն խանգարումներ,
գ. Ներզատական համակարգի հիվանդություններ, սնուցման և նյութափոխանակության խանգարումներ, շաքարախտ, ճարպակալում, վահանագեղձի և այլ էնդոկրին օրգանների հիվանդություներ, սնուցման ծանր խանգարումներ, մեթաբոլիկ հիվանդություներ,
դ. Հոգեկան կամ վարքի խանգարումներ, աուտիզմ, օրգանական ախտահարումներ, շիզոֆրենիա, աֆեկտիվ վիճակներ, նևրոտիկ վիճակներ, մտավոր հետամնացություն, հոգեբանական, վարքագծային և հուզմունքային այլ խանգարումներ։
ե. Նյարդային համակարգի հիվանդությոններ՝ մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա, ատրոֆիկ և դեգեներատիվ ախտահարումներ, գլխուղեղի անոթային հիվանդություններ։
զ. Արյան շրջանառության հիվանդություններ՝ ռևմատիկ տենդ, զարկերակային գերճնշում, սրտի բորբոքային հիվանդություններ, կարդիոմիոպաթիաներ, սրտային անբավարարություն։
է. Շնչառական օրգանների հիվանդություններ՝ ասթմա, վերին և ստորին շնչուղիների քրոնիկ հիվանդություններ, շնչառական անբավարարություն։
ը. Մարսողական համակարգի հիվանդություններ՝ աղիների բորբոքային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ։
թ. Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ, համակարգային շարաքցահյուսվածքային հիվանդություններ, հոդաբորբեր։

ժ. Միզասեռական համակարգի հիվանդութուններ՝ գլոմերուլյար հիվանդություններ, երիկամային անբավարարություն։
ժա․ Բնածին զարգացման արատներ, անոմալիաներ՝ ներառյալ որևէ օրգանի ձևափոխումներ, ֆունկցիայի արտահայտված խանգարումով։
30. Այն սովորողների համար, որոնց 29-րդ կետով սահմանված դեպքերում ցուցված չէ Հաստատություն հաճախելը, ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով,
31. Հաստատության մուտքի մոտ և օրվա ընթացքում կատարվում է սովորողի ջերմաչափում, ձեռքերի ախտահանում և 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է սովորողի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն և ծնողին:
32. Սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը Հաստատություն արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։
33. Սովորողի բացակայության դեպքում Հաստատության պատասխանատուն այդ մասին տեղեկացնում է սովորողի հաշվառման առողջության առաջնային պահպանման կենտրոն։

6. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

34. Հաստատությունում սննդի կազմակերպման վայրերի աշխատանքն դադարեցվում է, բացառությամբ մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ ապահովելով Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17 Ն հրամանի 6-րդ հավելվածի պահանջները:
35. Սննդի ընդունումը կազմակերպվում է դասասենյակում, օգտագործելով անհատական փաթեթավորված, կամ միանվագ օգտագործման պարագաներով սնունդ։

7. ՀԱՍՏԱՏՈՒՅԹՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

36. Տրանսպորտային միջոցը ախտահանվում է յուրաքանչյուր տեղափոխումից առաջ։
37. Տրանսպորտային միջոցում չեն կարող գտնվել նստատեղերի քանակից ավել ուղևորներ։
38. Տրանսպորտային միջոցում գտնվող անձինք պարտադիր կրում են դիմակ։
39. Տրանսպորտային միջոցն ապահովվում է, մուտքի մոտ, ձեռքերի մշակման համար՝ առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով։
40. Մինչ տրանսպորտային միջոց նստելը սովորողները հեռահար ջերմաչափվում են։

Մանրամասները՝ այստեղ

Դիտվել է 38857անգամ
Վերջին լուրեր