Ադրբեջանի կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա եւ 400-ից ավելի անձնակազմի կորուստ. ՊԲ փոխհրամանատար
Այս պահին շարունակվում են ռազմական գործողությունները հյուսիսային, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններով. Մարտական գործողությունների ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի տեղ-տեղ ավելանում եւ աճում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
«Այդ ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերին, այդ թվում նաեւ մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական առաջխաղացման փորձերը կասեցնելով՝ պատճառելով նրան կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի զգալի կորուստներ:
Այսօրվա դրությամբ, ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետեւյալ կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա եւ 400-ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ»,-ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով, նախնական տվյալներով, պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ:
«2-օրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին, ընդհակառակը, դրանով Արցախի բանակի երիտասարդ սպաներն ու զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ: Անփնակազմի մարտական ոգին բարձր է եւ պատրաստ է կատարելու հետագա առաջադրված բոլոր խնդիրները: Մենք ուժեղ ենք, քան երեւէ, քանի որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ նժարին դրված է հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցը»,-ընդգծեց նա: