«Զինադադար չենք խնդրելու, այլ պարտադրելու ենք»․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել և տեսանյութ հրապարակել․
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կրկին հանդիպել ենք մեր կամավորական տղաներին: Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն:
Հայրենիքի հանդեպ մեր փայփայած նվիրական սերն ու պաշտամունքը խորապես նստած է յուրաքանչյուրիս գիտակցության մեջ, և դրա վառ արտահայտությունը, անկախ մեր կրթական և սոցիալական աստիճանից, տեսանելի է այս օրերին:
Վճռական ենք մեր գործողություններում, մեր պայքարում, հավերժի ճամփորդի մեր երթում, քանի որ նախնիներից ժառանգածը պարտավոր ենք ոչ միայն սրբորեն պահել, այլև փոխանցել մեր սերունդներին:
Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը»:
«Մենք պիտի պարտադրենք զինադադար։ Եթե մենք զինադադար խնդրենք, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի, որովհետեւ կռվում ենք ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ։ Թուրքիային Արցախը հետաքրքիր չէ, իրեն ամբողջ Հայաստան աշխարհն է հետաքրքիր՝ իր պանթյուրքիզմի ծրագրերն իրականացնելու առումով»,- ասել է Արայիկ Հարությունյանը կամավորականների հետ հանդիպման ժամանակ: