Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Սեպտեմբեր / 2020 : 10-39

«Տղայիս ասել եմ՝ ես քեզ պաշտում եմ, բայց Հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան չկա». Աննա Հակոբյան

 

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների: Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ ստեղծված պատերազմական իրավիճակը շատ դժվար է, սակայն  երկու կարծիք լինել չի կարող. անհրաժեշտ է լինել ամուր ու պինդ:

«Մենք՝ կանայքս պետք է շատ ամուր լինենք և հաղթահարենք դժվարությունները: Իմ այստեղ գտնվելու ամբողջ իմաստը դա է, որ այս դժվարին պահին ես ուզում եմ լինել արցախահայության կողքին: Այս ընթացքում պետք է հնարավորինս ամուր լինենք: Չեմ կասկածում արցախցի կնոջ, առհասարակ հայ կնոջ ամրության վրա, ես ուղղակի ուզում եմ այստեղ իմ ներկայությամբ էլ ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ համոզվի, որ չենք տատանվի, չենք  վախենա և այս պատերազմում հաղթանակը մերն է լինելու՝ ուշ թե շուտ: Սա իմ համոզմունքն է»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ պահը պատմական պահ է, և պետք է առաջին հերթին հույսներս դնենք մեր վրա:

«Արցախ գալու ճանապարհին ամուսինս ասաց, որ մեր տղան էլ որպես պահեստազոր պետք է գնա դիրքեր:

Ստեփանակերտ գալու ճանապարհին որդուս ասել եմ. «Լավ իմացի, ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան այս աշխարհում չկա»:

Սա ասել եմ առաջիկա ամբողջ կյանքի համար: Ոչ մի հանգամանք իմ մեջ որպես մոր, չի կարող այդ խոսքերը փոխել, ո´չ այսօր, ո´չ մի տարի, ո´չ տասը տարի հետո: Ու ես գիտեմ, որ ես միակը չեմ, ոչ թե միակը չեմ, այլ հարյուր-հազարներից մեկն եմ որպես կին և մայր և դա է մեր հաղթանակը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր  Մետաքսյա Հակոբյանը հանդիպմանը խոսել է արցախցու բնավորության և կամային հատկանիշների մասին՝ շեշտելով, որ այս անգամն էլ բացառություն չէ և դժվար պահերին արցախցին միշտ համախմբվում է: Առավել ևս կանայք, բոլորը մի  ընտանիքի պես են, չկա իմ երեխա, քո երեխա, կան՝ մեր երեխաները, մեր ընտանիքները: Բոլորի տներից զինվորներ կան հենց հիմա սահմանին՝ մեկի ամուսինը, մյուսի եղբայրը, որդին, և այդ կանայք որևէ վայրկյան չեն ընկճվել, բոլորը վստահ են, որ մենք հաղթելու ենք և այս պատերազմում մենք հաստատ վերջին փամփուշտն ենք կրակելու և միանշանակ հաղթելու ենք: Մենք ուղղակի դատապարտված ենք դա անելու: Այլ տարբերակ չունենք»:

«Ազատ Հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանն էլ շեշտել է, որ կանայք ամուր կանգնած են, ոչ մի րոպե անգամ չեն ցանկանում ո´չ զիջել, թեկուզ ընկճվել: «Չկա նման բան, մենք միշտ կանգուն ենք  և պատրաստ ենք մինչև վերջ գնալու»:

«Ինչպես ասում են տղամարդու թիկունքն ամուր պետք է լինի: Այսօր տղամարդու թիկունքը մենք ենք՝ կանայք: Պարտավոր ենք լինել ամուր, պարտավոր ենք լինել համախմբված և սա է մեր ուժը, մենք ուժեղ ենք միասին: Ձեզ շնորհակալություն եմ հայտնում ձեր այցելության համար: Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ այս անգամ էլ աստված կօգնի, հաղթանակը կլինի մերը: Սա ժամանակավոր փորձություն է, ժամանակավոր դժվարություններ ենք, որոնք մենք պետք է հաղթահարենք պատվով, միասին, համախմբված: Աստված օրհնի մեր զինվորներին»,- ասել է «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Կարինա Աթայանը:

Դիտվել է 22305անգամ
Վերջին լուրեր