Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Սեպտեմբեր / 2020 : 20-30

Պետք է ադրբեջանական տարածք գրավել, Բաքուն պետք է ինչ-որ բան կորցնի, որ հասկանա, որ եթե նորից հարձակվի, ավելին կկորցնի. Վլադիմիր Եվսեև

ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և ՇՀԿ զարգացման բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ երկու տարի առաջ Բաքվում հույսեր ունեին, որ Հայաստանի նոր իշխանությունները` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԼՂ հիմնահարցում կգնան մեծ զիջումների` հաշվի առնելով նրանց բացասական վերաբերմունքը ղարաբաղյան կլանի` Հայաստանի նախկին նախագահների նկատմամբ, բայց դրանք չարդարացան:

Tert.am-ի հետ զրույցում նա նման դիտարկում արեց` անդրադառնալով այս օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառներին:

«Եվ քանի որ այդ սպասումները չարդարացան, Ադրբեջանը վերադարձավ իր նախկին քաղաքականությանը, որը ցանկանում էր իրականացնել 2016-ի ապրիլյան պատերազմին և որը վերաբերում էր տարածքներ «կծմծելուն»»,- ասաց նա:

Նրա խոսքով` ի տարբերություն ապրիլյան պատերազմի, այս անգամ Արդրբեջանն Արցախի հետ ամբողջ սահմանով է ռազմական գործողություններ ծավալել, նաև` այս անգամ ռազմական գործողություններում ներգրավված է Թուրքիան:

«Իհարկե, ապրիլյան պատերազմի ժամանակ Թուրքիան մասնակցում էր ռազմական գործողություններում փաստացիորեն իր հատուկ նշանակության ջոկատներով: Սակայն, այս անգամ  մասնակցում է նաև իր զինտեխնիկայով` F-16 ինքնաթիռներով, իր ԱԹՍ-ներով, որոնք կառավարվում են թուրք զինվորականների կողմից: Սա Թուրքիայի քաղաքականությունն է` ներգրավվել բոլոր հակամարտություններում` Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, հնարավոր է նաև Եմենում, հիմա էլ Լեռնային Ղարաբաղում:

Բայց այդպես շարունակվի, Թուրքիան «վա բանկ» կգնա, որովհետև Թուրքիայում տնտեսությունը անկում է ապրում, հիմա Էրդողանը պարզապես աշխատում է օգուտներ քաղել ազգայնական տրամադրություններից»,- ասաց նա:

Ամեն ինչ, այս իրավիճակում, կախված է նրանից, թե ինչ կլինի: Նա նկատեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք անդամները ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրներ են:

«Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները սրվել են Լիբիայի և ընդհանրապես Աֆրիկայի հարցերով: Այդ պատճառով, ավելի հավանական է, որ Ֆրանսիան,  հատկապես հաշվի առնելով այնտեղ ձեր սփյուռքի ներուժը, հակառուսական տրամադրվածություն կունենա: Միացյալ Նահանգները, իհարկե, հակասական է, բայց հայկական լոբբիի շնորհիվ հնարավոր է` հակաթուրքական դիրքորոշում ընտրի: Իհարկե, Թրամփը երբեմն ցանկանում է Էրդողանի հետ հարաբերությունները լավացնել, բայց առջևում ընտրություններ են և առավել հավանական են, որ հայամետ քաղաքականությունն անցնի»,- ասաց նա:

Անդրադառնալով Թուրքիայի՝ ԼՂ հիմնախնդրում ներգրավվածության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը` Եվսեևը նշեց, որ Մոսկվան շատ դժգոհ է դրանից:

«Չնայած որոշ հարցերում նրանք համագործակցում են, բայց այս հարցում Ռուսաստանը շատ խիստ է լինելու Թուրքիայի նկատմամբ` հատկապես, որ թուրքական ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը` խփելով մեր ինքնաթիռը: Դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասաց նա` նշելով, որ այն հանգամանքը, որ ՌԴ նախագահը միայն ՀՀ վարչապետի հետ է խոսել, արդեն խոսում է այն մասին, որ Թուրքիայի նկատմամբ իր վերաբերմունքը շատ խիստ է:

Դիտարկմանը, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Ադրբեջանի նկատմամբ, ռուսաստանցի վերլուծաբանը նշեց, որ Մոսկվան ցանկանում է պարզապես որպես միջնորդ չեզոքություն դրսևորել: «Հիմա Ադրբեջանն ավելի է հեռացվել Ռուսաստանից Թուրքիայի պատճառով: Կարծում եմ` դրա համար Պուտինը Ադրբեջանի ղեկավարի հետ չի խոսել»,- ասաց նա:

Ադրբեջանին, ըստ նրա, այնուամենայնիվ, չի հաջողվի «բլից կրիգ» անել, կորուստները բավականին շատ են, հայկական կողմը կարողացել է ճեղքել Ադրբեջանի շրջափակումը, երկար այդպես դիմանալ չի կարող: «Երբ իրավիճակը սահմանում կայունանա, Իլհամ Ալիևն ինքն է  զանգելու Պուտինին»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Դիտվել է 151749անգամ
Վերջին լուրեր