Ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն․ հակառակորդին մոլորության մեջ է գցել և դիրքը հետ վերցրել. Արծրուն Հովհաննիսյանը հերոսների սխրագործություններից է պատմում
Մեր մարտական ոգին շատ բարձր է, երախտիքի խոսք պետք է ասեմ մեր ժողովրդին, ահավոր հզոր ոգի կա, համազգային պոռթկումը՝ զորքերից մինչև բնակչություն շատ բարձր է: Այս մասին Առաջին ալիքի հատուկ թողարկմանն ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը պատմեց մարտական գործողություններում հերոսություններով աչքի ընկած զինծառայողների մասին։ «Մռավի լեռնաշղթայի հատվածում սովորական ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն, մարտավարական գրագիտություն: Ըստ անհրաժեշտության, երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է՝ հասկանալով, որ չի կարող պահել գերակայող ուժերի ազդեցության տակ, հակառակորդին մոլորության մեջ է գցել, սպասել է հարմար պահի և գրոհել է ու դիրքը հետ վերցրել»:
Նա նաև պատմեց, որ մի հայտնի դիրք կա, որտեղ սպան, ով շարքային զինվոր է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ, այսօր վաշտի հրամանատար է, բացարձակ հերոսություն է դրսևորել իր անձնակազմի հետ՝ մեծ վնասներ հասցնելով հակառակորդին:
«Ընթանում է հինգերորդ սերնդի պատերազմ՝ մասամբ բացառություններով»,-ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ստեփանակերտին խփելը, կարելի է ասել, անզորության ճիգեր են Ադրբեջանի կողմից:
«Մենք դեռ չենք կիրառել ողջ պոտենցյալը»,-ասաց նա և նշեց, որ մենք չենք հարվածում խաղաղ բնակչությանը: Նա շեշտեց, որ զորքը ոչ սննդամթերքի, ոչ էլ քաղցրավենիքի պակաս չունի: