Կորոնավիրուսով վարակման դեպքերի կայուն աճը կպահպանվի եւս մի քանի ամիս. փորձագետ

Կորոնավիրուսով վարակման դեպքերի կայուն աճը կպահպանվի առաջիկա մի քանի ամիսներին: Այսօր՝ ապրիլի 9-ին, առցանց մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը:
Փորձագետի խոսքով՝ ամբողջ աշխարհում այս փուլում վարակման դեպքերի աճ է գրանցվում: «Այսօրվա դրությամբ` միայն Չինաստանն է պաշտոնապես հայտարարել , որ համաճարակը հսկողության տակ է վերցվել»,- ասաց Առաքելյանը:
Նա նշեց, որ իրավիճակը բարդանում է ոչ միայն նկատի ունենալով վիրուսի վարակելությունը, այլեւ հաշվի առնելով այն, որ շատերի մոտ վիրուսն առանց ախտանիշների է ընթանքում:
«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները` ես կարծում եմ, որ աշխարհը դեռ գտնվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի կայուն աճի փուլում: Այսօր դժվար է կանխատեսել, թե երբ է ավարտվելու համաճարակը: Բայց ես հավատում եմ, որ ներկայիս իրավիճակը կպահպանվի եւս մի քանի ամիս: Սա իմ անձնական տեսակետն է»,- նշեց Առաքելյանը:
news.am