Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հոկտեմբեր / 2020 : 13-25

Բաքուն վաղուց կորցրել է Արցախի բնակիչներին իր քաղաքացիները կոչելու իրավունքը. Միակ ելքը Արցախի անկախության միջազգային ճանաչում է. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում: Առանց գիտակցելու Արցախի հանդեպ իրենց հավակնությունների անիրավաչափ ու պատրանքային լինելը, Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանա ճեղքել այն արատավոր շրջանը, որում հայտնվել են՝ իրենց հակահայկական քարոզչությամբ, տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու փորձերով և միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանմամբ:

Նախ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991 թվականից ապրում են անկախ, ինքնիշխան պետությունում և չունեն որևէ քաղաքական ու իրավական կապեր Ադրբեջանի հետ:

Բաքուն վաղուց կորցրել է Արցախի բնակիչներին իր քաղաքացիները կոչելու նաև բարոյական իրավունքը: Իսկ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիայի սանձազերծումից հետո, որի ընթացքում ադրբեջանական բանակը նպատակաուղղված գնդակոծում էր քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչության դեմ կիրառում էր արգելված տեսակի զենքեր, այդ թվում՝ կասետային զինամթերք, Բաքվի նման պնդումները պարզապես սին ու անիմաստ բառակույտ են դառնում:

Երկրորդ՝ սանձազերծելով հերթական ագրեսիվ պատերազմը և հակամարտությունը կրկին փորձելով լուծել ուժի կիրառման միջոցով` Ադրբեջանը զրոյացրել է միջազգային միջնորդների բոլոր ջանքերը և մշակումները խաղաղ կարգավորման գործընթացում:

Ստեղծված պայմաններում միայն մեկ ելք կա՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, որը տարածաշրջանում կապահովի երկարատև խաղաղություն և կայունություն, ինչպես նաև կբացառի Ադրբեջանի կողմից հերթական պատերազմ սանձազերծելու փորձերը և կկանխի Բաքվի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործումը»:

Դիտվել է 11452անգամ
Վերջին լուրեր