Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հոկտեմբեր / 2020 : 14-51

Մենք պետք է պատվով շարունակենք ապրել. Արցախի նախագահի կոչը հայությանը

 

Արցախը պատրաստ է առանց նախապայմանների ստանձնել հումանիտար պատասխանատվությունը, որը բխում է կրակի դադարեցման համաձայնությունից: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայ ժողովրդին հղված տեսաուղերձում:

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի և հայ ժողովրդի դեմ  սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է: Պաշտպանության բանակն այդ ընթացքում  շարունակում է  հերոսաբար դիմադրել  և ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով նրան մարդկային և զինտեխնիկայի ահռելի  կորուստներ: Մարտերի ընթացքում իրենց լավագույնս են դրսևորում մայր Հայաստանից և սփյուռքից ժամանած մեր  հայրենակիցները: Կարևոր է նաև հայրենիքի պաշտպանության գործում  մեծ ներդրում ունեցած և պատերազմական հարուստ փորձ ունեցած մեր մարտական ընկերների մասնակցությունը, ինչպես նաև ժամկետային մեր հերոս երիտասարդների»,-նշել է Հարությունյանը:

Նա ընդգծել է Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ և բարձր գնահատել այդ առաքելությունը:

«Եվ գիտեք՝ վերջերս եռակողմ ձևաչափով տեղի է ունեցել հանդիպում Մոսկվայում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, և հայտարարություն է արվել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված և բանակցությունները վերսկսելու, բայց ինչ է տեղի ունեցել. հակառակորդը, օգտվելով առիթից, արդեն  այս հայտարարության հաջորդ օրվանից սկսել է  ավելի հուժկու մարտական գործողություններ  համարյա ճակատի ամբողջ երկայնքով՝ մանավանդ հարավային ուղղությամբ: Եվ հակառակորդին հաջողվել է ինչ-որ  տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր-օրի ճակատը տեղափոխել  ավելի խորը տարածքներ:

Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու ընդամենը մի ճանապարհ ունենք՝ պարտադրել զինադադար: Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել հումանիտար առաքելության առումով ստանձնած պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ»,-նշեց Արցախի նախագահը:

Նա համոզված է՝ հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ. նա ընտրել է  ոչ թե Ղարաբաղի խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին  արցախահայությունը, հետո հաջողության դեպքում նաև  Հայաստանը: «Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք, մանավանդ կողմերի մոտ, որոնք շահագրգռված են: Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել 1992-1994 թվականներին, երբ մարտական գործողություններ էին ընթանում  Գանձասարի մատույցներում,  Ասկերանի, Մարտունու, Հադրութի և այլն: Մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթանակին: Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք, մեզ պետք է համախմբվել, մեզ պետք է միավորվել և ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին: Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների: Օրհասական պահն է այսօր: Մենք պետք է պատվով շարունակենք ապրել. այդ իսկ պատճառով կոչ եմ անում ոչ միայն նյութական, ինչը շատ կարևոր է, և ես շնորհակալ եմ բոլորիդ, այլև ֆիզիկական մասնակցության: Մենք դրա կարիքը զգում ենք: Շնորհակալություն.  մենք հաղթելու ենք»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Դիտվել է 13414անգամ
Վերջին լուրեր