21 / Հոկտեմբեր / 2020 : 14-17

Երեկ ադրբեջանական ԱԹՍ է փորձել մտնել Սյունիքի տարածք, սակայն ոչնչացրել է. Արտակ Դավթյան

Ադրբեջանն արդեն հարվածներ է հասցրել Հայաստանի տարածքում զինվորական ենթակառուցվածքների որոշակի էլեմենտների, որի մասին բարձրաձայնվել է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը, ով այս օրերին Սյունիքում համակարգում է պաշտպանական աշխատանքները:

«Նախօրեին Սյունիքում աշխատել են մեր հակաօդային պաշտպանության միջոցները, իրենք փորձել էին անօդաչու թռչող սարքով մուտք գործել Հայաստանի տարածք, ոչնչացվել է, դրանով հարցն ավարտվեց: Սա առաջին դեպքը չէ: Մեր ՀՕՊ միջոցները բավականին ակտիվ և արդյունավետ աշխատում են: Չնայած նաև հակառակորդն է դասեր քաղել մեր ՀՕՊ հզոր համակարգի աշխատանքի շնորհիվ և փորձում է այլ հնարքներ օգտագործել, որպեսզի կատարի իր խնդիրը և չխոցվի»,- ասաց նա:

Թե ինչ խնդիր է փորձում Ադրբեջանը Սյունիքի մարզում լուծել, Արտակ Դավթյանը նշեց, որ այստեղ ադրբեջանական կողմն առաջին հերթին փորձում է վարել հետախուզություն՝ հասկանալու, թե ինչքանով է Հայաստանն աջակցում Արցախին մարտական գործողությունների ժամանակ, նաև, թերևս, այլ ռազմական նպատակներ է հետապնդում, դրա համար ակտիվ հետախուզություն է իրականացնում:

Սյունիքում պաշտպանական աշխատանքները համակարգող Արտակ Դավթյանը միաժամանակ վստահեցրել է, որ Իրանի հետ ՀՀ-ի սահմանին որևէ էական փոփոխություն չկա. ապրում են առօրյա կյանքով, կա ապրանքաշրջանառություն, ճանապարհներին բոլորը հանգիստ աշխատում են:

«Այս կողմից որևէ խնդիր այս պահի դրությամբ չկա, և կարծում եմ՝ չի էլ լինի: Շնորհակալություն ԻԻՀ-ին հավասարակշռված մոտեցման համար»,- ընդգծեց նա:

Դիտվել է 29809անգամ
Վերջին լուրեր